Երևանում մեկնարկող ԱԱ-ում ռուս և ուկրաինացի սամբիստները ձեռք չեն սեղմի
Ռուս և ուկրաինացի սամբիստները Երևանում մեկնարկող աշխարհի առաջնությունում մենամարտերից առաջ և հետո ձեռք չեն սեղմի։ Չեղարկվել են նաև բելառուս և ուկրաինացի մարզիկների ձեռքսեղմումները, որոշումն ընդունվել է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) գործադիր կոմիտեր նիստում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպությունից։
«FIAS — ի գործադիր կոմիտեի որոշման համաձայն՝ 2023 թվականի սամբոյի աշխարհի առաջնությունում (Հայաստան, Երևան) չեն կիրառվի FIAS — ի սամբոյի միջազգային կանոնների 24.2 և 24.6 հոդվածները (ձեռքսեղմման մասով) Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի, կամ Բելառուսի Հանրապետության և Ուկրաինայի հավաքականի մարզիկների միջև մենամարտերից առաջ և հետո», — հայտնել են FIAS-ից:
Սամբոյի Աշխարհի առաջնությունը կընթանա նոյեմբերի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցաշարին կմասնակցեն 65 երկրների ներկայացուցիչներ։ Մեդալներ կշնորհվեն 21 քաշային կարգերում։
Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով. դասական սամբո՝ 58 կգ` Տիգրան Կիրակոսյան, 64 կգ` Նարեկ Դալլաքյան , 71 կգ` Արամ Աղաջանյան, 79 կգ` Բորիս Շատվերյան, 88 կգ` Վահագն Չալյան, 98 կգ` Արսեն Խանջյան, գերծանր քաշային կարգ` Հակոբ Առաքելյան:
Մարտական սամբո. 58 կգ` Մխիթար Մխիթարյան, 64 կգ` Վահրամ Գրիգորյան,71 կգ` Վաչիկ Վարդանյան, 79 կգ` Սարգիս Վարդանյան, 88 կգ` Ավետիք Պողոսյան, 98 կգ` Արման Ավանիսյան:
Կանայք. 50 կգ` Արփինե Մնացականյան, 54 կգ` Վարսիկ Գրիգորյան, 59 կգ` Մելինե Մամիկոնյան, 72 կգ` Մարինա Մարտիրոսյան, 80 կգ` Նելլի Ավետիսյան, գերծանր քաշային կարգ` Աննա Մկրտչյան: