Աֆղանստանն ազատ է արձակել 5000 գերեվարված զինյալների ԱՄՆ ճնշման ներքո
Աֆղանստանի կառավարությունն անցած տարի ազատ է արձակել 5000 գերեվարված զինյալների ԱՄՆ ճնշման ներքո: Ազատ արձակվածների թվում է «Թալիբան» շարժման հրամանատարը, ով ղեկավարում է Լաշկարգախում հարձակումը, հաղորդում է Wall Street Journal-ը:
Քաբուլը մտադիր չի եղել ազատ արձակել գերիներին, սակայն նման քայլի է գնացել ԱՄՆ ճնշման ներքո: Ազատ արձակումից առաջ ձերբակալվածները համաձայնագիր են ստորագրել, որով խոսք են տվել չկռվել կառավարության դեմ, սակայն մեծ մասը կրկին զենք է վերցրել:
Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական ուժերի եւ «Թալիբան» շարժման զինյալների միջեւ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում եւ հարձակում սկսել մեծ քաղաքների դեմ: Աֆղանստանում անկայունությունն աճում է ԱՄՆ վարչակազմի՝ Աֆղանստանի տարածքից մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերի դուրսբերումն ավարտելու խոստումների ֆոնին: 2020 թվականին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի պաշտոնյաները Դոհայում ստորագրեցին առաջին խաղաղության համաձայնագիրն ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում: Այն 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ է նախատեսում գերիների փոխանակումից հետո: