Օրերս Լիլի Մորտոն ինստագրամյան իր մեծ լսարանին ներկացրել էր հատված իր նոր տեսահոլովակից։ Ինչպես միշտ, Լիլիի լսարանի արձագանքը բուռն էր, երգչուհին էլ երկար սպասեցնել չտվեց։ 11․11-ին հանրության դատին հանձնեց իր նոր՝ «I Don't Wanna Know» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը։

Ի տարբերություն մյուս աշխատանքների՝ այս երգը միայն ռուսերենով չէ․ երգչուհին լեզուների միքս է ներկայացրել։ Tert.am.life-ի հետ զրույցում Լիլի Մորտոն խոսել է տեսահոլովակի մասին՝ վստահելով մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները: 



«Մենք տեսահոլովակը լսարանի դատին ենք հանձնել սիմվոլիկ օր, բայց դա պայմանավորված չէ այն հանգամանքով, որ հավատում եմ թվերի մոգությանը և կարծում եմ՝ նման բան գոյություն չունի, բայց հավատում եմ «մտքի ուժին»: Եթե հավատում ես, որ այդ թվերը քեզ հաջողություն կբերեն, ապա՝ այդպես էլ կլինի։ Ես հավատում եմ. հավատում եմ, որ այս երգն էլ մեծ հաջողություն կունենա»,-ասաց Լիլին։

Լիլի Մորտոն նշում է, որ իրեն մոտիվացնում են երկրպագուները, որոնց շնորհիվ նա կարողանում է աշխատել:

«Ես երկար սպասեցնել չեմ տալիս իմ հանդիսատեսին, գիտեմ, որ ունեմ երկրպագուների մեծ բանակ։ Ամեն օր ինստագրամյան հարթակում նամակներ են ստանում, անկախ զբաղվածությունից՝ փորձում եմ հետադարձ կապ պահել լսարանիս հետ։ Հավատացեք, երբ քեզ միայն Ինստագրամում հարյուր հազարավոր մարդիկ են հետևում, դա իսկապես դժվար է, սակայն փորձում եմ նրանց համար անհասանելի չլինել»։



Լիլին մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստել է երաժշտական ալբոմ, որը բաղկացած է 15 երգից, իսկ երգչուհին պարբերաբար երգերը հանձնում է լսարանի դատին: Լիլիի խոսքով՝ իր վերջին բոլոր երգերը ռուսալեզու են, քանի որ նաև երկրպագուների բանակ ունի ՌԴ-ից, սակայն տվյալ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն իրենց հետևանքն են թողել նաև երգչուհու աշխատանքների վրա՝ նվազեցնելով նրա դիտումները:

«Չնայած պատժամիջոցների հետևանքով առաջացած տեխնիկական խնդրին՝ ուրախ եմ, որ ծավալածս գործունեության արդյունքում ավելանում են երկրպագուներս, որոնք միանում եմ նաև իմ ինստաընտանիքին, որոնց հետ պարբերաբար փորձում եմ կիսվել այն ամենով, ինչով ամենաշատն եմ սիրում զբաղվել: Առհասարակ, երաժշտական գործունեությունս ընթանում է հենց իմ պատկերացրածի պես: Ունեմ միլիոնավոր դիտումներ թե՛ սոցիալական ցանցերի էջերում, թե՛ յութուբյան հարթակում»,- ասաց նա: 



Լիլին անդրադարձավ նաև տեսահոլովակի կերպարներին՝ նշելով, որ աշխատել է ԱՄՆ-ում բնակվող հայ ոճաբանի հետ։

«Տեսահոլովակը նկարահանել ենք հենց ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի տարբեր հատվածներում, հատուկ սցենար չենք ունեցել, ցանկանում էի հենց այսպիսի տրամադրություն լիներ, ցանկանում էի ցույց տալ ինձ և Լոս Անջելեսի գեղեցիկ վայրերը։ Երգի իմաստը փորձել ենք ներկայացնել հենց իմ տրամադրության միջոցով։ Մանրակրկիտ աշխատել ենք կերպարներիս վրա։ Արդյունքում՝ ստացել են երեք վառ ու տարբերվող կերպար»,-եզրափակեց Լիլի Մորտոն:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն