Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումը և այդ կապակցությամբ Բաքվի բողոքները։

Վրացական հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդաշարի հաղորդավարը նշել է, որ Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկությունը տարածվել է ադրբեջանական, ապա վրացական լրատվամիջոցներում, և հարցրել է նախարարին՝ արդյոք դա կազդի՞ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի միջնորդության վրա։

Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցման գործառույթից։

Նախարարն ասել է, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի, և հավելել է, որ պետություններն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք ու զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով։

«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններով օգտվելու մեր տարանցման գործառույթից»,- ասել է արտգործնախարարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն