2024-ի պետբյուջեն իր ծախսային և եկամտային ծավալներով ՀՀ պատմության մեջ ամենամեծն է. Գևորգ Պապոյան
2024 թվականի պետական բյուջեն իր ծախսային և եկամտային ծավալներով ՀՀ պատմության մեջ ամենամեծն է: Ծախսերը կազմելու են 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ, և, կարծում եմ՝ մինչև վերջնական քննարկումները դրանք նույնիսկ կավելանան: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Եթե դոլարային տեսքով ասենք, ապա 2024-ին պետությունը տարբեր նպատակներով՝ աշխատավարձ, նպաստ, թոշակ, կրթություն, գիտություն, բանակ, ճանապարհաշինություն, առողջապահություն և այլն, կծախսի մոտ 7,5 միլիարդ դոլար գումար: Այս թվի մեծությունը ըմբռնելու համար նշեմ, որ հաջորդ տարվա ծախսերը համարժեք են 2009-ի ողջ ՀՆԱ-ին, իսկ դոլարային արտահայտությամբ 2009-ի համեմատ աճել է մոտ 3,5 անգամ:
Համեմատության համար նշեմ, որ ընդամենը 5 տարի առաջ՝ 2018-ին, այս ցուցանիշը պլանավորված էր ընդամենը 1 տրիլիոն 465 միլիարդ դրամ կամ մոտ 3 միլիարդ դոլար: Այսինքն՝ պետական բյուջեի ծախսերը ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում դրամային արտահայտությամբ ավելացել են մոտ 2,1 անգամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ մոտ 2,5 անգամ: Ուշադրություն դարձնենք, խոսքը ոչ թե 10-20-30 տոկոսների, այլ անգամների մասին է»,- ասաց Գևորգ Պապոյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ նույնը կարելի է ասել պետբյուջեի եկամտային հատվածի համար, որը 2018 թվականին պլանավորված 1 տրիլիոն 308 միլիարդ դրամի համեմատ 2024 թվականին կլինի ավելի քան 2 անգամ ավելի՝ 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ:
«Հատկանշական է, որ երբ ներկա վարչապետը, երբ դեռ 2018 թվականի ապրիլին Հանրապետության հրապարակից խոստանում էր 2 տարվա ընթացքում 30-40 տոկոսով ավելացնել հարկային եկամուտները, այն ժամանակվա իշխանությունները և նրանց ձայնակցող իշխանական սազանդար «փորձագետները» միաձայն դա համարում էին անիրատեսական, պոպուլիստական և հեգնում էին:
Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ հեղափոխական հարթակից տրված խոստումը ոչ միայն կատարվել է, այլև հաջորդ տարիների համար՝ գերակատարվել»,- ասաց Գևորգ Պապոյանը: