Ինչ ընդհանուր բան ունեն Թաթոյանն ու Փաշինյանը․ ի՞նչ կապ ունի Մինասյանը
Բոլորի համար է հասկանալի, որ Հայաստանում տեղի ունեցողը աշխարաքաղաքական կոնտրոնների խաղ է և որ այդ խաղին մասնակից են շատերը։ Գլոբալ խաղացողները, որոնք Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, հասկանում են, որ նրա ժամանակն անցնել է, բայց դեռ հանդուրժում են նրան, քանի որ իրենց ծրագրերին հարմար փոխարինող չեն գտել, որը նաև քաղաքական կշիռ ունենա։ Նիկոլ Փաշինյանից հետո, այսօր, իր վարկանիշով երկրորդ գործիչը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ու դա խիստ մտահոգիչ է այսօրվա իշխանությունների արտաքին տերերին։
Փաշինյանի իշխանության դրսի տերերը հիմա երկու խնդիր պետք է լուծեն՝ չեզոքացնեն Քոչարյանին և Փաշինյանին հիմնական ընդդիմադիր դարձնեն մարդու, ով կշարունակի այն ինչ պլանավորված է։ Քոչարյանին չեզոքացնելու գործին լծվել են ներքաղաքական գրեթե բոլոր խաղացողները, օգտագործվում են հնարավոր և անհնար բոլոր միջոցները։ Ինչ խոսք, ծանր գործ է, բայց առաջ են տանում։ Անլուծելի խնդիր է սակայն դարձել կշիռ ունեցող «ընդդիմադիր» առաջնորդ ծնելը։
Քաղաքական դաշտին քաջատեղյակները ակնհայտորեն տեսնում են, որ Փաշինյանի արտաքին տերերին հարող շրջանակները (կան իհարկե նաև նրանց խառնված միամիտներ) լծված են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանից քաղաքական առաջնորդ կերտելու գործին։ Քաղաքական առաջնորդ մի մարդուց, ով կես տող անգամ քաղաքական խոսք չունի։ Այդ շրջանակները մեկ պնդում են, թե Արման Թաթոյանը ունի 82 տոկոս վստահություն (համարյա Թուրքմենաստանի նախկին նախագահի Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի չափ), մեկ հայտարարում են, թե ամբողջ ընդդիմությունը պատրաստ է համախմբվել նրա շուրջ, մեկ կոչ են անում բոլորին դուրս գալ քաղաքականությունից, դե որ այդ ֆոնին Թաթոյանը գոնե մի քիչ քաղաքական երևա»։ Մի խոսքով անասելի ծանր գործի են լծված։
Շատերի համար գուցե տարօրինակ թվա Թաթոյանի անձին այս տեսանկյունից նայելը ու նրան Փաշինյանի հետ նույն արտաքին տերերի սկուտեղում դնելը, բայց վստահաբար կարող ենք ասել, որ դրա պատճառները կան։
Մի բան հստակ է՝ Արման Թաթոյանն ու Նիկոլ Փաշինյանը ինչ որ կապով կապված են և դա նկատելու համար պետք է մի քանի տարի հետ գնալ։ 2016 թվականին, երբ ՀՀԿ-ն առաջադրում էր Արման Թաթոյանին, որպես ՄԻՊ թեկնածու՝ Փաշինյանը արմատական ՀԱԿ խմբակցությունից միակ պատգամավորն էր, որն անգամ դեմ գնալով իր խմբակցությանը, կողմ քվեարկեց Արման Թաթոյանին և հրապարակային հայտարարեց այդ մասին։
Ի դեպ, Փաշինյանն այս քայլին գնաց մի պարագայում, երբ նույն այդ օրերին մամուլը գրում էր, թե Արման Թաթոյանն այդ պաշտոնում առաջադրվել է, քանի որ նրան հովանավորում է Միքայել Մինասյանը։ Հետագայում իհարկե պարզվեց, որ Միքայել Մինասյանը նույն ժամանակահատվածում ֆինանսապես (սրա մասին ասել է հենց Մինասյանը) և ոչ միայն հովանավորում էր նաև Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք նաև, որ Թաթոյանը ՄԻՊ էր ընտրվում Մինասյանի մեկ այլ, արդեն նախկին, հովանավորյալ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո։ Ըստ այդ օրերի լուրերի, Անդրեասյանը Միքայել Մինասյանի եղբոր հետ ինչ որ պատմությունների մեջ էր, որը Մինասյանների ընտանիքում գժտության պատճառ էր դարձել։ Այսօր էլ Թաթոյանին պաշտպանողները, գովազդողները հիմնականում Միքայել Մինասյանի կամ նրան հարող գործիչների շրջապատից են։
Նիկոլ Փաշինյանը հանուն փողի դժվար հրապարակային պաշտպաներ Արման Թաթոյանին, երբ բոլորը նրան համարում էին Միքայել Մինասյանի թեկնածուն։ Փաշինյանի այդ ընտրության հետևում այլ պատճառ կա, որի մասին ավելի կոնկրետ կարող են խոսել հենց այս երեք պերսոնաժները, եթե իհարկե որոշեն անկեղծ լինել ժողովրդի հետ։