Դեսպան Մկրտչյանը Ստավրոս Կալաֆատիսին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին, հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության համատեքստում:
ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ձևավորվելիք Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կդառնա երկու խորհրդարանների միջև բազմակողմանի համագործակցությունն ամրապնդող կամուրջ։
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին։ ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող քայլերին։
Ստավրոս Կալաֆատիսը, իր հերթին, վերահաստատել է հունական կողմի աջակցությունը Հայաստանին՝ խաղաղության հետապնդման իր օրակարգում։ Պարոն Կալաֆատիսն ընդգծել է ակտիվ շփումների կարևորությունը՝ արձանագրելով դեսպանության ակտիվ գործունեությունն ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային դիվանագիտության առաջմղման առումով։