Ալավերդիում չեն բացառում ավագանու լուծարման և նոր ընտրությունների հավանականությունը
Ալավերդի համայնքի ավագանու հերթական նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Նիստը բոյկոտել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, չեն մասնակցել նաև գործող համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցները՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից: Մինչ խմբակցությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում ՝ փորձելով արդարացնել իրենց քայլերը, ընտրական գործընթացների փորձագետները չեն բացառում ավագանու լուծարման և նոր ընտրությունների հավանականությունը:
Ալավերդու ավագանու վերջին նիստն անցկացվել էր 2023-ի հուլիսի 28-ին: Աշնանային նստաշրջանին 3 ամիս անընդմեջ նիստեր չգումարվեցին: Նոյեմբերի 15-ին հրավիրված նիստը ևս չկայացավ. քվորում չկար: Ներկա էին «Ապրելու երկիր»-ը ներկայացնող համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, ՀԱԿ-ից Տիգրան Պապոյանն ու ամիսներ առաջ «Ապրելու երկիր»-ը լքած Սիմոն Զախարովը, ով այժմ ավագանուանկախ անդամ է:
Հոկտեմբերին իշխող «Ապրելուերկիր» խմբակցության 9 անդամները իրենց թիմակից գործող համայնքապետին անսպասելի անվստահություն հայտնելու գործընթաց սկսեցին՝ Արկադի Թամազյանի փոխարեն առաջադրելով ավագանու մեկ այլ անդամի թեկնածություն։ Հարցն օրակարգ մտավ, բայց նիստը չկայացավ. դարձյալ քվորում չկար:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախաձեռնությունը կեղծ որակեց, իսկ թիմակիցներին լքած Սիմոն Զախարովի կարծիքով՝քայլը անհամաձայնությունների հետևանք էր. «Կարող ա իրանք էլ են զգացել, որ ինքը միանձնյա ղեկավար ա, դրա համար են անվստահություն հայտնում»:
Չնայած այս ամենին՝ ԱրկադիԹամազյանն ասում է՝անվստահության նախաձեռնությունն իրացված է, ու առնվազն 1տարով սահմանափակված նոր գործընթացի հնարավորությունը։
Արդեն 1 տարի Ալավերդու ավագանիում ճգնաժամ է: 2022-ի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, չհաղթահարելով 50 %-ի շեմը, ստացել էին 13-ական մանդատ: «Ապրելու երկիր»-ը կոալիցիա կազմեց ընդամենը 1 մանդատ ստացած «Հայ ազգային կոնգրես»-ի հետ: Ավագանին քաղաքապետ ընտրեց «Ապրելու երկրի» անդամ Արկադի Թամազյանին, փոխքաղաքապետ՝ ՀԱԿ ներկայացուցիչ Տիգրան Պապոյանին:
Ընտրությունից 1 տարի անց «Քաղպայմանագիր»-ը չի համակերպվում Ալավերդու ղեկը կորցնելու հետ՝ Թամազյանն է ասում: Ներկուսակցական խարդավանքները կոլապս են առաջացրել ավագանու ներսում, քաղաքային տնտեսությունն էլ կաթվածահար արել: Վիճակն ավելի խորացավ այս տարվա օգոստոսի սկզբին, երբ «Ապրելու երկիր»-ը լքեց Թամազյանի թիմակից Սիմոն Զախարովը: Այս ընթացքում 2 նիստ է հաջողվել անցկացնել, մինչդեռ դրանց չկայանալը խոչընդոտում է քաղաքի կառավարմանը:
Այս նիստի օրակարգում կարևորագույն հարցեր կային, ասում է համայնքի ղեկավարը, սուբվենցիոն ծրագրեր պիտի քննարկեինք, բայց հերթական անգամ համայնքի շահը ստորադասվեց քաղաքական ինտրիգներին. «Մեր թիմակիցներից մեկը լքեց թիմը, չգիտեմ՝ ինչն էր պատճառը, բայց իրականությունը ցույց ա տալիս, որ ինչ-որ նկրտումներով է դուրս եկել: Այս պարագայում 2 խմբակցություններն ունեցան 13 -13 մանդատ, «Քաղաքացիական պայմանագրի» և տվյալ անձի՝ նիստերին չգալը առաջացրին կոլապս: Շատ կարևոր հարցեր են համայնքի համար, սուբվենցիոն ծրագրերի հաստատում, բյուջեի փոփոխություն, որի պատճառով համայնքը կոլապսի ա ենթարկվել, մոտ 1 մլրդ. 800 մլն-ի ծրագրեր ունենք»:
Նոյեմբերի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց, վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացրած նիստի մասին, որում քննարկվել էին նաև Ալավերդու ավագանու «Քաղպայմանագիր» խմբակցության աշխատանքին վերաբերող հարցեր: Խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում չհրապարակեց նիստի մանրամասները, ասաց՝ անվստահության հարց այժմ չի քննարկվում: «Ինչո՞ւ է ավագանու աշխատանքը կոլապսի ենթարկվում» հարցը հորդորեց ուղղել հենց «Ապրելու երկրի» ներկայացուցիչներին։ Արկադի Թամազյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում իր թիմակիցների բացակայությունն այսպես մեկնաբանեց. «Մեր թիմակիցներից մեկը բացակայում էր, քվորում մեկ է, չէր ապահովելու: Գար մեր շարքերը լքածը, իմաստ չէր ունենում: Անկեղծ կլինեմ, ես նման ձև աշխատելը ճիշտ չեմ համարում, համայնքն ա տուժում, շատ ավելի ճիշտ կլինի նոր ընտրություններ լինեն, և մեր բնակչությունը որոշի՝ ում է վստահում»:
Սիմոն Զախարովը չհերքեց՝ուշացումներով, բայց մասնակցել է նիստերին, քվեարկելու իրավունք ստացել՝ ըստ նպատակահարմարության: Պնդեց՝ քաղաքական պայմանավորվածությունների մեջ չի եղել: Առաջնայինն, ասում է, Ալավերդու զարգացումն է, որի կառավարման շուրջ իր և գործող համայնքապետի պատկերացումները տարբեր են, ինչի պատճառով էլ լքել է խմբակցությունը. «Ներկա գործող համայնքապետի կառավարման ձևը իմ գաղափարներին չի բռնում , ինքը միանձնյա ղեկավար ա, իսկ ես իմ բնույթով դեմոկրատ եմ: Հունիսի 22-ին ես իրեն տեղյակ եմ պահել, որ եթե մարդկանց հունվարին տեղակալ ես նշանակել, ինչու ես հետին թվովբերել, որ ես ձեռք բարձրացնեմ քո նշանակումներին: Միանշանակ դեմ եմ, որովհետև դու հունվարին պետք է անեիր, հիմա հունիսին ինչո՞ւ ես բերել»:
Արկադի Թամազյանը, մինչդեռ, ավագանու այս ճգնաժամում քաղաքական երանգներ է տեսնում: Ինչպես եղավ, որ մեր խմբակցության 2 երիտասարդների 25-օրյա հավաքների տարան, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երիտասարդներին՝ ոչ:
«Քաղպայմանագիր» խմբակցության ղեկավարը հերքում է քաղաքական ենթատեքստը, նիստերին չգալը բացատրում օրակարգի հարցերի շուրջ անհամաձայնություններով: Առանց ավագանու՝ համայնքապետը տեղակալներ է նշանակել, որպես նիստին մասնակցության նախապայման առաջարկել են օրակարգից հանել այդ հարցերը, բայց առաջարկը չի պաշտպանվել:
ՏԻՄ մասին օրենքը ֆորսմաժորային իրավիճակների կարգավորումներ ունի: Կառավարությունը կարող է վաղաժամ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը 3 ամսից ավելի չեն գումարվել ՝ ասում է «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը: Ստեղծված թնջուկից հնարավոր ելքը ավագանուն արձակելն է համարում. «Երևի թե պետք է իրավաչափությունը նայել՝ նիստեր անել-չանելու: Սա, ըստ էության, ավագանու ինքնալուծարման գործիքներից մեկն է: Ենթադրում եմ, որ կարձակեն, որովհետևնման դեպքերում արձակել են»:
Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ համամասնական ընտրակարգը քաղաքական ուժերինհամայնքի կառավարմանը մասնակցելու, դիրքորոշում արտահայտելու հնարավորություն է, ափսոսում է, որ կուսակալություններնայդ հնարավորությունն ապակառուցողական նպատակներով են օգտագործում՝ նախընտրելով ճգնաժամը ՏԻՄ-ում: