2024թ պետբյուջեն այսօր խորհրդարանում «խաղաղության ու ազատության» որակումն է ստացել։ Օրենսդիրը շարունակում է քննարկել հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սա պատմական ժամանակների պատմական բյուջե է։ Մինչդեռ ընդդիմությունը բյուջեն ոչ միայն պատմական չի համարել, այլև ընդգծել է՝ հաջորդ տարվա համար նախատեսվող ծախսերը չեն լուծի Հայաստանի անվտանգային հարցերը։

Սա պատմական ժամանակների պատմական բյուջե է․ 2024թ պետբյուջեի քննարկումն այսպես է եզրափակում կառավարության ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն ասածը նախ թվերով ու փաստերով է լրացնում․ 2024թ բյուջեի եկամտային մասը 2018-ի համեմատ կրկնապատկվել է կամ ավելացել 3 միլիարդ դրամով, սրան զուգահեռ կրկնապատկվել է նաև բյուջեի ծախսային մասը։

«Ինչո՞ւ են ժամանակները պատմական: Որովհետև մենք կանգնած ենք մեր պետության և պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ: Եվ այդ ֆունկցիոնալ վերագնահատման արդյունքը, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալը. Հայաստանը ոչ թե պլացդարմ կամ ֆորպոստ է՝ իր սահմաններից դուրս մշակված և իր սահմաններից դուրս պլաններ իրագործելու համար, այլ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունը ապահովելու միջոց»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:



Բյուջեն խաղաղության օրակարգի ֆինանսատնտեսական արտահայտությունն է՝ շեշտում է Նիկոլ Փաշինյանը։ 2024թ բյուջեում 2017-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել են պաշտպանության ոլորտի ծախսերը՝ 210 միլիարդից դառնալով 555 միլիարդ դրամ։ Գործադիրի ղեկավարը, սակայն, ընդգծում է՝ սրանով Հայաստանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության է պատրաստվում, քանի որ քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության ու կայունության ամենակարևոր երաշխիքն է։

«Ես վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք և այդ առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չեմ համարում 2 պատճառով․ նախ՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը այլև պարտականությունն է բարեփոխել ու ամրացնել բանակը, ինչը և մենք անում ենք։ Եվ երկրորդը՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայասատանի նույն ցուցանիշից միջինում 3 անգամ ավել են եղել և ըստ էության շարունակում են այդպիսին մնալ»։

Կառավարության ղեկավարին լրացնում են խորհրդարանի իշխանական պատգամավորները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շեշտում է՝ Հայաստանն ունի ազատություն և կարող է ձեռք բերել նաև խաղաղություն, հետևաբար, եկող տարվա բյուջեն ազատության և խաղաղության բյուջե է համարում։ Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները հակադարձում են։ «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Արթուր Խաչատրյանը հորդորում է թվային տվյալներից զատ բովանդակային ու որակական ցուցանիշներ ներկայացնել։ Նա պնդում  է, որ բյուջեն չի լուծում անվտանգային խնդիրները։

«Պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը և ագրեսիվ հռետորաբանությունը։ Փոխարենը18 տոկոսով ավելացվում է Ներքին գործերի նախարարության բյուջեն․ փաստորեն ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունը և նրա հովանավոր Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները»,-կարծում է պատգամավորը։



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան

Ընդդիմության տվյալներով՝ մեկ եռամսյակում Հայաստանից 26 հազար քաղաքացի է հեռացել․ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ սա նշանակում է, որ հասարակությունը չի հավատում տնտեսական հրաշքին կամ խաղաղության դարաշրջանին։ Իշխանությունը հակադարձում է վիճակագրությամբ․ 2021թ համեմատ այս տարի Հայաստանում աղքատությունը կրճատվել է 2.3 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0.3 տոկոսով։ Սրան զուգահեռ վերջին 5 տարում, գործադիրի տվյալներով, ավելի քան 30 տոկոսով աճել է աշխատատեղերի քանակը։ Ընդդիմադիր պատգամավորի համար, սակայն թվերը համոզիչ չեն։

«Եկեք հասկանանք՝ ինչպես է զբաղվածությունը աճել․ բոլորս գոնե մի անգամ պիցցա պատվիրել ենք և տեսել ենք, թե դա ինչպես է կազմակերպվում․ գոնե ես ոչ մի անգամ չեմ տեսել պարապ ման եկող հնդիկի կամ պակիստանցու։ Այս մարդիկ, որոնք որոշ թվերով 60 հազարի են հասնում, հաստատ զբոսաշրջիկ չեն․ հիմա հասկանո՞ւմ եք չէ՝ ինչպես են աճել զբաղվածության թվերը։ Նաև Ռուսաստանից եկած ծրագրավորողները»,-ասում է Խաչատրյանը։

2018թ համեմատ հաջորդ տարի Կառավարությունը նախատեսում է կրկնապատկել առողջապահության ու կրթության ոլորտների ծախսերը և եռապատկել կապիտալ աշխատանքներին ուղղված միջոցները։ 2024-ին, ընթացիկ տարվա համեմատ,  շուրջ 15 տոկոսով կավելանա նաև սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում ընդգծել է, որ այս աճը հիմնականում պայմանավորված է ժողովրդագրական աճով, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխումներով։



Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան

«Բնակարանային ապահովման ծրագրի համար նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում 2 միլիարդ դրամ կտրամադրվի 2020թ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքներին բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Նշեմ, որ արդեն իսկ այս նպատակով հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3700 հայրենակցի, որոնցից 1700-ն արդեն իրացրել է հավաստագիրը»,-մանրամասնում է սոցապ նախարարը։

Ֆինանսական գլխավոր փաստաթղթի խորհրդարանական քննարկումներն առնվազն 4 օրով ընդմիջվում են։ Այս ընթացքում պատգամավորները կներկայացնեն իրենց առաջարկությունները, գործադիրը կամփոփի դրանք և խորհրդարան կվերադառնա 2024թ պետբյուջեի վերջնական նախագծով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն