Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը մեկնարկել է այսօր առավոտյան վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստով:

«Սովորաբար մշտական հանձնաժողովում աշխատանքային բնույթի հարցեր են քննարկվում։ Ներկայացվեցին Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, նաև աշխատանքային խմբերի աշխատանքների արդյունքները՝ ամառայինից մինչև աշնանային նստաշրջան ընկած հատվածում, նաև ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները։ Մեր պատվիրակները, մեր հյուրերը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին հյուրընկալելու համար:

Այս նիստում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվում, հիմնականում ընթացակարգային բնույթի հարցեր են քննարկվում, և այսօր կեսօրից հետո մեկնարկելու են բուն նստաշրջանի աշխատանքները, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու Հայաստանի վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը, և սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերելու է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին և մարտահրավերներին»,- տեղեկացրեց Խանդանյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը ի պատասխան՝ արդյոք նախատեսվո՞ւմ է բանաձև ընդունել այս նստաշրջանի ընթացքում՝ Խանդանյանը պարզաբանեց՝ ըստ Խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության՝ աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում։

«Աշնանային նստաշրջանն ավելի շատ քննարկումների հարթակ է, և չորս թեմատիկ քննարկումներ են տեղի ունենալու»,- նշեց Խանդանյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն