Հայաստանն ամփոփում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի արդյունքները։ Նախորդ երկու օրերին Երևանում էին հարյուրավոր պատվիրակների 57 երկրներից։ Սա, թերևս,  Երևանում կազմակերպված ամենախոշոր խորհրդարանական համաժողովն էր։

Նախապես որոշված էր, որ նստաշրջանը պետք է անցկացվի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, սակայն 2023թ․-ի փետրվարին պարզ դարձավ, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ Ուզբեկստանի կառավարությունը չեղարկել է նիստը հյուրընկալելու իր որոշումը։ Դրանից հետո Հայաստանն առաջարկել էր իր թեկնածությունը։

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման շնորհակալություն են հայտնել հայկական կողմին՝ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հայ պատվիրակներն էլ արձանագրել են՝ փաստաթղթեր թեև չեն ընդունվել, բայց աշխատանքն արդյունավետ է եղել։

Երևանում անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ընդունող կողմին՝ Երևանին, չտվեց որևէ արդյունք հայտարարության կամ բանաձևի տեսքով։ Սակայն, դրա ակնկալիքը չկար։ Ըստ խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության՝ աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում. այն առավելապես քննարկումների հարթակ է։

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը չի ընդունում այն տեսակետը, թե երևանյան նստաշրջանն արդյունավետ չէր․ «Այդ միտքը կարող ենք ցանկացած աշնանային նստաշրջանի վերաբերյալ ասել, որ հավաքվում են որևէ երկրում, խոսում և գնում են։ Բայց սա խորհրդարանական հարթակ է, և քաղաքական դիրքորոշումները, խորհրդարանների պատգամավորների դիրքորոշումները շատ կարևոր են ընդհանուր միջազգային հանրության և իրենց երկրների կառավարությունների վրա դիրքորոշումների փոփոխության կամ ճնշման տեսանկյունից։ Այս առումով դա է կարևոր առաջին հերթին։ Երկրորդը՝ կարևոր է, որ միանգամից Հայաստան են ժամանել մոտավորապես 50 երկրից պատվիրակներ, և սա շատ կարևոր հարթակ է Հայաստանի շուրջ, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մեր գործընկերներին ծանոթացնել։ Մի շարք պատվիրակներ նշեցին, որ իրենք Հայաստանում են նաև Հայաստանին, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և նաև այն իրավիճակում հայտնված Հայաստանին, որը այսօր կա»։ 



Թեմատիկ 4 քննարկումներից մեկն առնչվել է հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերին: Քննարկման ժամանակ կարծիք է հնչել, որ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը միայն պետությունների խնդիրը չէ։ Միջազգային հանրությունը  բանաձեւերին զուգահեռ պետք է գործուն քայլեր անի՝ մարդկանց իրավունքներն իրապես պաշտպանելու համար: ԵԱՀԿ ԽՎ-ն կարեւորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, Ադրբեջանում հայերի վերաինտեգրմանն առնչվող խոստումների կատարումը:

Կառույցում Բելգիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարկ Դեմեսմեկերը նշում է․ «Կարևորում եմ ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանում անցկացնելու հայկական կողմի նախաձեռնությունը։ Պատվիրակների մեծ մասն այսօրվա դիտարկումներում սատարում են Հայաստանի՝ կայուն խաղաղություն գնացող ուղին»։

Եվրոպացի այս պատվիրակն աշխատանքների հենց սկզբից էր ցանկություն հայտնել այցելել փախստականների կենտրոն՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվածներին տեղում հանդիպելու և նրանց խնդիրները լսելու համար: «Արդարության գինը չի կարող լինել խաղաղ բնակիչների տառապանքը». իր հերթին Երևանում հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքացիներն արժանի են խաղաղության, և ժամանակն է նոր ուղիներ գտնել խաղաղության համար։

Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Շվեդիայի պատգամավորները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նշել են՝ կարեւորում են Հայոց ցեղասպանության դատապարտումը և  ունեն հստակ դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվել է Ադրբեջանի կողմից:



Անցած երկու օրերի ընթացքում Հայաստանը փորձեց նաև ոչ ավանդական ձևաչափով ներկայանալ Եվրոպային և խոսել առկա խնդիրների մասին։ Ձևաչափերից մեկը պաշտոնական ընդունելությունն էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կազմակերպեց ոչ թե խորհրդարանում, այլ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում․

«Այն հիմնադրվել է ավելի քան 100 տարի առաջ։ Մշակութային դիվանագիտությունն ազդեցիկ և պատկերավոր լեզու է, որով խոսում են քաղաքակրթություն և մեծ պատմություն ունեցող երկրները: Հպարտ եմ, որ այստեղ անգին նմուշներ կան աշխարհի տարբեր երկրներից: Վեհաժողովի երևանյան՝ աշնանային հանդիպման  մեկնարկը հաջողված էր, և մասնագիտական քննարկումները լիովին արտացոլում են մեր միասնական օրակարգը: Մենք հնարավորություն ունեցանք անկեղծ խոսել և մտքեր փոխանակել մեզ հուզող կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ, ինչը կարևոր է խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու տեսանկյունից»։

Վերջին շրջանի տարբեր զարգացումները փաստում են, որ հավաքական Արևմուտքի դիրքորոշումը և կարծիքը փոխվում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի առնչությամբ։ Պատգամավոր Սոնա Ղազարյանը խոսույթի ակնհայտ փոփոխություն է նկատում եվրոպական տարբեր հարթակներում։

«Որովհետև նրանք ակնհայտորեն նկատել են, որ Ադրբեջանը խուսանավում է այս պայմանագրի այս բովանդակությամբ ստորագրումից։ Մենք, իհարկե, աշխատում ենք Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ բերել, որովհետև չբանակցությունները, ցավոք սրտի, կնշանակեն փակուղի, կնշանակեն հնարավոր էսկալացիա։ Սա քաջ գիտակցում են մեր գործընկերները, դրա համար էլ մենք տեսնում ենք այսպիսի վերաբերմունքի փոփոխություն, տեսնում ենք դիվանագիտական մեծ ճնշում։ Նրանք ունեն բավականին լծակներ ազդելու և ակնկալում ենք, որ գոնե դեկտեմբերին բրյուսելյան հարթակում եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Հանդիպման հրավերը ուժի մեջ է։ Տեսնենք, սպասենք՝ ինչ կլինի»։



Հայկական կողմը շարունակում է պնդել՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ցանկության դեպքում հնարավոր է ստորագրել մինչև տարեվերջ՝ դեկտեմբերին։ Հատկապես «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին հայկական նախագիծը, ասում են, հետաքրքրել է եվրոպացի գործընկերներին։ 

Ընդգծվում է՝ եթե Հարավային Կովկասը Եվրոպային սկսել է հետաքրքրել աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում, ապա Հայաստանի դեպքում  պատճառը ժողովրդավարական զարգացումներն են։

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ունեցել է նաև կազմակերպչական ներքին խնդիրներ։ Խորհրդարանական խոշորագույն հավաքին մասնակցությունից  հրաժարվել են միայն Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակները։ Խանդանյանի խոսքով՝ հրավերն ուղարկվել է ոչ թե պաշտոնական Երևանի, այլ կարգի համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ քարտուղարության անունից։ Մերժման հիմնավորումներ չեն ներկայացվել, Ադրբեջանը միայն ակնարկել է ինչ-որ անվտանգային խնդիրներ, որոնք Հայաստանում հիմնավոր չեն համարում։ Անցյալ տարի Ադրբեջանի պատվիրակությունն այստեղ մասնակցել է Եվրանեսթի աշխատանքներին։

«Դրանք ընդամենը պատճառաբանություններ են իրենց չմասնակցելու փաստը փաթեթավորելու համար։ Ես կարծում եմ, իսկապես դժվար է մի ռեժիմի ներկայացուցիչների, որոնք ԼՂ-ում էթնիկ զտում են իրականացրել, հոգեբանորեն առնվազն գալ և ներկա լինել Հայաստանում վեհաժողովի։ Այո, պատճառաբանություններ են փնտրում և ես գիտեմ, որ փորձեր են կատարել նաև մեր մյուս գործընկերների, մյուս պատվիրակությունների ժամանումը Հայաստան կանխել, բայց ինչպես տեսնում եք, չեն հաջողել»։



Խանդանյանը չի թաքցնում, որ նստաշրջանի կազմակերպչական աշխատանքների ընթացքում նաև Հայաստանն է ազդակներ ստացել եվրոպացի գործընկերներից Ռուսաստանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ։ Նախորդ նստաշրջաններին, օրինակ, Կանադայում, Միացյալ Թագավորությունում այդ երկրների կառավարությունները պարզապես վիզաներ չէին տրամադրել Ռուսաստանի պատվիրակներին։ Բայց Հայաստան գալու համար Ռուսաստանի պատգամավորները նման խնդիր չունեն՝ ասում է Խանդանյանը՝ նշելով, որ ցանկացած պահի ռուս պատվիրակները կարող են մասնակցել Հայաստանում կազմակերպվող ցանկացած միջոցառման։   


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն