Փաշինյանը խուսափում է Պուտինից
Ինչպես հայտնի է, այս տարվա նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողով։
ՀՀ կառավարությունն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ նոյեմբերի 14-ին, Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել այդ գագաթնաժողովին, հույս հայտնելով, որ գործընկերները ըմբռնումով կմոտենան։
Ռուսական ամենատարբեր մեդիահարթակներում եւ փորձագիտական կենտրոններում Հայաստանի ղեկավարի այս քայլը բավականին ծավալուն քննարկումների առիթ տվեց։ Ընդհանուր առմամբ արտահայտված տեսակետները հանգում էին նրան, որ Հայաստանը աստիճանաբար հեռանում է ռուսական ուղեծրից եւ քայլ առ քայլ սկսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց։ Իհարկե Երեւանից հակադարձում հնչեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի նախաձեռնվում հայկական կողմից, ՀԱՊԿ-ից էլ հայտարարեցին, որ պաշտոնական դիմում չեն ստացել, որ Երեւանը ցանկանում է դուրս գալ կառույցից, բայց դե դրանից ընդհանուր ֆոնը չի փոխվում։
Խնդիրը, արդեն հնչեցված բազմաթիվ տեսակետներից բացի նաեւ այն է, որ Հայաստանը պետության ղեկավարի մակարդակով արդեն երկրորդ անգամ թերեւս հրաժարվում է մասնակցել հետխորհրդային տարածքի ռեգիոնալ-ինտեգրացիոն միավորումների՝ առաջին դեմքերի մակարդակով գագաթնաժողովներին կամ հանդիպումներին։ Դա առաջին հերթին իհարկե դեմարշ քայլ է Ռուսաստանի դեմ։ Մյուս կողմից էլ, Փաշինյանը կարծես թե միտումնավոր կերպով հրաժարվում է մասնակցել բոլոր այն միջոցառումներին, որին մասնակցում է ՌԴ ղեկավարը։ Ընդ որում, այս միտումը նաեւ կարելի է տարածել Հայաստանի գործող իշխանությունների վրա առհասարակ, որովհետեւ տարբեր մակարդակների հանդիպումներից էլ Հայաստանի ներկայացուցիչներն, ըստ արարողակարգային ռանգի, համապատասխան պաշտոնյաներ չեն ուղարկում կամ միտումնավոր նսեմացնելու համար միջոցառման նշանակությունը, ռանգով ցածր պաշտոնյայի են ուղարկում։
Սա իրականում շատ վատ ֆոն է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այն որ այդ հարաբերություններում կան խնդիրներ, ոչ մեկ չի ժխտում։ Սակայն եթե օրինակ Երեւանն անկեղծ է, ապա Մինսկի գագաթնաժողովը հիանալի առիթ կարող էր լինել Պուտին-Փաշինյան հանդիպման համար, որտեղ կարելի է քննարկել բոլոր այն կնճռոտ հարցերը, որոնք առկա են հայ-ռուսական հարաբերություններում եւ որոշակի փոխըմբռնման հասնել կամ ինչպես ասում են, գոնե «ժամացույցները ճշտել»։ Մինչդեռ հրաժարվելով կամ մերժելով նման հնարավորությունները, եղած խնդիրները չեն լուծվում, ավելին, նորերն են ավելանում, դեռ ավելին՝ բացասական իմիջային ֆոն է ստեղծում ոչ միայն Փաշինյանի եւ նրա թիմակիցների հանդեպ, այլ նաեւ՝ Հայաստանի՝ առհասարակ։