Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբևահամյանը գրում է․
«Արցախցիների վերադարձն Արցախ ինքնանպատակ գործընթաց չպետք է դիտվի:
Առանց որևէ լուրջ անվտանգության երաշխիքի թեմայի նույնիսկ քննարկումն է վտանգավոր, քանի որ դա ավելի շատ նմանվում է նոր Ցեղասպանության դրդելուն:
Արցախյան շարժման մեկնարկին, ինքնորոշման իրավունքը որպես նպատակ հռչակվեց առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ հստակ գիտակցում էին, որ Ադրբեջանի կազմում արցախցիների ցանկացած կարգավիճակ լուրջ անվտանգային խնդիր է պարունակում:
Ինքնորոշման գործընթացը, որը հիմնված էր միջազգային իրավունքի և արցախցիների հռչակած սկզբունքների վրա, նաև նպատակ էր հետապնդում ամուր անվտանգային երաշխիքներ ստեղծել, որովհետև դրա այլընտրանքն Արցախի անկումն ու արցախցիների բռնի տեղահանություններն էր ենթադրում:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն ու որպես հետևանք` ինքնորոշման իրավունքի մերժումը, տապալեցին այն բարդ ու նուրբ պրոցեսները, որոնք աստիճանաբար տանում էին արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը»։