«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը հրապարակեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրան կից քարտեզ, որի վրա նշված են ապաշրջափակման  ուղիները։ 

 Զրուցել ենք ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ։ 

- Նախկինում խոսում էինք միջանցքի, ճանապարհի, հիմա՝ խաչմերուկի մասին։ Ի՞նչ է սա նշանակում։

- Ոչ մի բան։ Պարզապես, երբ որ ասում ենք «խաչմերուկ» բառը, դրա ամբողջության մեջ կորում է «կորիդորը» կամ «անխոչընդոտ ճանապարհը», որը Փաշինյանը պարտավորվել է տալ Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է, թե ինչու է խաչմերուկ անվանում, չգիտեմ, դրանք բոլորն Արեւելքից Արեւմուտք ճանապարհներ են, եւ հրապարակված քարտեզներով էլ նայելիս խաչմերուկ գոյություն չունի։ Երեւի խաչմերուկ ասելով, նաեւ նկատի ունեն Հյուսիս-հարավ ճանապարհը, այսինքն՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ճանապարհը։ Պարզապես դա տրյուկ է, այստեղ նորություն չկա, որովհետեւ այդ ամբողջի մեջ կորում է, կամ փորձում են թաքցնել «անխոչընդոտ ճանապարհ» կամ «կորիդոր» հասկացությունը։ Դրա նարատիվը հետեւյալն է՝ որ մենք Հայաստանի տարածքով ոչ թե միջանցք ենք տալիս, այլ հենց Հայաստանի տարածքում ստեղծում ենք խաչմերուկ` Հայաստանը բարեկամության խաչմերուկ ենք դարձնում Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի համար։

- Առաջարկում են հայ-ադրբեջանական սահմանին 5 անցակետ ստեղծել՝ Կայան, Սոթք, Քարահունջ, Անգեղակոթ եւ Երասխ բնակավայրերի մոտ, 2 հսկիչ անցակետ էլ՝ Ախուրիկում եւ Մարգարայում` ճանապարհային ենթակառուցվածքների համար։ Հիմա ճանապարհը ո՞րն է, ի՞նչ ուղղությունների մասին է խոսքը։ 

- Դիտմամբ ընդգրկված է 5 անցակետ, որպեսզի մոռացվի հիմնականը, այն է՝ Սյունիքով դեպի Նախիջեւան տանող ճանապարհները։ Այդտեղ երեք ճանապարհի մասին է խոսքը՝ Քարահունջով, Սոթք-Երասխ եւ Անգեղակոթ հատվածով, որոնք արդեն հիմնականում կառուցված են։ 

- Այդ բնակավայրերի բնակչության համար, որտեղ անցակետեր են լինելու, անվտանգության առումով ռիսկեր չկա՞ն։ 

- Սկզբունքորեն ռիսկեր կարող են լինել, կարող են եւ չլինել, չգիտեմ։ 

- Սա այն միջա՞նցքն է, որը Հայաստանը խոստացել է տալ Ադրբեջանին ու Թուրքիային։ 

- Այո։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով Փաշինյանը ստորագրել է անխոչընդոտ ճանապարհներ, ուզում եմ շեշտել՝ ոչ թե մեկ հատ, այլ մեկից ավելի։ Փաստորեն, մենք 3 ճանապարհ ենք տալիս Ադրբեջանից Նախիջեւան։ 

- Ո՞վ է հսկելու այդ ճանապարհները։ Անվտանգությունը ո՞նց է ապահովվելու։ 

- Հայկական կողմը հայտարարում է, որ ինքը կապահովի, ադրբեջանական կողմը դեմ է տալիս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի 9-րդ կետում նշված է, որ հսկողությունն իրականացնելու են ռուսական զորքերը։ Ես որքան հասկացա, ռուսները համաձայն են, որ հայերն այդ բոլոր ճանապարհների վրա դնեն մաքսակետեր եւ սահմանային ծառայություն, բայց Ադրբեջանը բեռները վերահսկելու խնդիր է առաջ քաշում, որը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է։ Չնայած ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով ասվում է, որ նման բան չկա։ Դժվար չէ բացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ընդամենը մեկ էջ է, եւ կարդալ։ Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ ասում են, որ Հայաստանը խոստումները չի կատարում։ 

- Բայց չէ՞ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ղարաբաղի մասին է, Լաչինի միջանցքի մասին, որոնք այլեւս գոյություն չունեն, ինչո՞ւ պետք է մենք միակողմանի ձեւով խոստում պահենք։ 

- Այո, այդպես է, բայց այդ դեպքում Հայաստանը պետք է ինչ-որ բան անի։ Պետք է կա՛մ հրաժարվի եւ դուրս գա նոյեմբերի 9-ի փաստաթղթից, կա՛մ առնվազն դենոնսացիա անի դրա 9-րդ կետը, քանի որ Արցախն արդեն չկա։ Բայց այդ հարցերն արդեն պետք է ուղղել կառավարությանը՝ հնարավո՞ր է առանց դենոնսացիա անելու այդ ճանապարհները տալ։ 

- Հայաստանի ռազմական ներկայություն այդ ճանապարհներին լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր սահմանապահները լինելո՞ւ են։ 

- Հայաստանը հայտարարում է, որ մտնելուց եւ դուրս գալուց՝ այո։ Իսկ ՀՀ տարածքով շարժվելուց լինելու են, թե ոչ՝ ես այդ մասին ոչինչ չեմ լսել»:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն