ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը:

Ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է ձեռք բերել թվով 27 անուն սարք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ իրականացվելիք ծրագիրը, ուղղված լինելով թանգարան-ինստիտուտի արդիական տեխնիկական միջոցներով վերազինմանը, թույլ կտա.

Ա. Նորովի խթանել բանավոր պատմությունների (Oral History) ենթագիտակարգը:

Բ. Շարունակաբար հավաքագրել և հետազոտել Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների 2-րդ, 3-րդ և 4-րդ սերունդների բանավոր պատմությունները՝ նախատեսվող համապատասխան շտեմարանի համալրման համար:

Դաշտային, փաստահավաքչական աշխատանքների առավել համակարգված, ճիշտ կազմակերպումը պահանջում է այդ բոլոր մեծարժեք տվյալների որակյալ տեսաձայնագրում, մշակում ու ամբարում:

Գ. Հավաքագրել և հետազոտել Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները, որոնք կարող են նպաստել ոչ միայն գիտական ուսումնասիրություններին, այլև իրավական գործընթացներին:

Ծրագրի իրականացման արդյունքում ՀՑԹԻ-ն հնարավորություն կստանա, բարձրացնել կատարվող գիտական հետազոտությունների տեսանելության մակարդակը, խթանել համագործակցությունը հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների և անհատ հետազոտողների հետ։ Նախագիծը կնպաստի նաև ՀՑԹԻ կրթական և մշակութային ծրագրերի իրականացմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն