Սանոսյանը ծանոթացել է պետբյուջեի միջոցներով Արմավիրի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախարարի առաջին կանգառը Քարակերտ բնակավայրն էր, որից հետո դիտարկել է Ակնալիճ - Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնք արդեն ավարտվել են։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ բնակավայրով:
Մարզպետը նախարարարին է ներկայացրել դեպի Մեծամորի թանգարան տանող մոտ 2 կմ երկարությամբ ամբողջովին բարեկարգ ճանապարհը։ Մարզպետի խոսքով՝ այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը խթան կհանդիսանա Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից, քանի որ արգելոց-թանգարանն իր նշանակությամբ բացառիկ է և զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում։
Ճանապարհի մյուս հատվածի՝ 4.1 կմ երկարությամբ‚ հիմնանորոգումն իրականացվել էր 2019 թվականին‚ իսկ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի 1,143 կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցումը։
Նախարարը ծանոթացել է նաև Մ5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի ձախակողմյան գոտու ճինարարական աշխատանքներին, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել բարձր որակով և սահմանված ժամկետներում։