ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Նոյեմբերի 30-ին Սկոպիեում ընթացող ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը, որը խորհրդանշում է երկկողմ համագործակցության խորացումը և կարող է նոր խթան հանդիսանալ դրա առավել զարգացման առումով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի: Հայ-կանադական ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացման առումով կարևորվել է նաև երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը:
Երկուստեք կարևորվել է Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարարի տեղակալը իր զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը, ԼՂ էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրանացվող ծրագրերը:
Անդրադառնալով տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը: