Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվն անցել է 16000-ը
Գազայի հատվածի հարավում մարդաշատ Խան-Յունիս քաղաքը դարձել է ՀԱՄԱՍ-ի վրա Իսրայելի նոր հարձակումների կենտրոնը: Իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները, երբ չի հաջողվել երկարացնել ժամանակավոր հրադադարը: Իսրայելը հրամայել է տարհանել քաղաքի շրջակայքի բազմաթիվ շրջաններ:
Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ հենց այդտեղ կարող են թաքնվել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամները։ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը ծագումով այդ քաղաքից է։ Ենթադրվում է, որ այստեղից է ընդլայնվելու ցամաքային հարձակումը: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ իր նպատակն է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը:
Ժամանակավոր հրադադարը խախտելու համար ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին, նշելով՝ պատրաստ են կրկին վերադառնալ հրադադարի ռեժիմին, եթե Իսրայելը վերջ տա խաղաղ բնակիչների դեմ ագրեսիային: Իսրայելն էլ մեղադրել է ՀԱՄԱՍ-ին, հայտարարել, որ կանեն հնարավորը՝ վերադարձնելու գերիներին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ Գազայի հատվածում 137 գերի է մնում:
Իսրայելական բանակը թիրախավորում է տարածաշրջանի հիվանդանոցները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր: Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 15500 մարդ, վիրավորվել՝ 41300-ը: Զոհվել են նաև Գազայի հատվածում պահվող գերիներ: Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին, այդ թվում՝ 398 զինվորական։
Չնայած զոհերի թվի զգալի տարբերությանը, իսրայելցի փաստաբան, իրավունքի պրոֆեսոր Ռութ Գալպերինը համոզված է, որ զոհի կարգավիճակում են իսրայելցիները: Նա դժգոհել է, որ միջազգային հանրությունը չի ցանկանում դուրս գալ ընդունված պատկերացումից՝ պաղեստինցիներին համարելով որպես հիմնական զոհեր, իսրայելցիներին՝ ագրեսորներ: