Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը կմեկնարկի գործող աշխարհի չեմպիոնի հետ գոտեմարտով (ֆոտո)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգի վիճակահանությունը:
Ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովի հետ: 25-ամյա ռուս ըմբիշը գործող աշխարհի չեմպիոն է (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018):
Թևանյանի ու Ռաշիդովի գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Մոգոմեդմուրադ Գաջիև (Լեհաստան) – Գեորգիոս Պիլիդիս (Հունաստան) զույգի հաղթողի հետ:
65 կգ քաշային կարգի մրցումը կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ Երևանի ժամանակով 06:30-ից:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) մեկնարկային գոտեմարտում 1:6 հաշվով պարտվել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին և լքել պայքարը:
17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին ունի 4 մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր է դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Օգոստոսի 6-ին Բաչկովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ:
Վազգեն Թեւանյան, ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ քաշային կարգ
Ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում:
Անձնական մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան։
Ամուսնացած չէ:
Վաղզգեն Թեւանյանը 2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ․ պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018թ․ Հայաստանի չեմպիոնությամբ (65 կգ): 2019-ին նվաճել է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 2020-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված մծահասակների աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալ:
2021-ին Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Հունգարիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջի Ալիեւի նկատմամբ եւ դարձավ ոսկե մեդալակիր:
Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021թ․ մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում: