Վիեննայից նույն ինքնաթիռով Երևան են ժամանել Հայաստանի ու Էստոնիայի արտգործնախարարները, որոնք մինչ այդ Բրյուսելում մասնակցում էին ԵՄ Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը։

Դեկտեմբերի 13-ից 14-ը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի այցը Երևան աշխատանքային է, այն նշանավորվում է  Էստոնիայի փախստականների խորհրդի կողմից երևանյան գրասենյակի բացմամբ։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահության ամրապնդման հարցերը կարևոր են, դրանցից մեկն արդեն իրագործվել է՝ գերեվարված հայ  զինծառայողներն արդեն Հայաստանում են։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը սա կարևոր քայլ է համարում, կարծում է, որ վստահության  կառուցման քայլ կարող է լինել  նաև հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշումը։

Թեև այս հարցում համաձայնություն դեռ չկա, սակայն, ըստ արտգործնախարարի, հայկական կողմից առաջարկված գաղափարներից մեկն է, որը կարող է դրական ազդեցություն ունենալ գործընթացի վրա և կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Գլխավորը սակայն, ըստ Արարատ Միրզոյանի, «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններն են։ Վերջին շրջանում Բաքուն ձգտում է բանակցություները երկկողմ ձևաչափ տեղափոխել՝ փորձելով ձերբազատվել միջնորդներից։ Հայաստանի արտգործնախարարն այսօր էլ Բաքվին կոչ արեց վերադառնալ բանակցությունների սեղան։ 

«Ինչ վերաբերում է երկկողմ-չերկկողմ ձևաչափին, այնուամենայնիվ հիմնական խնդիրը բանակցությունների բովանդակությունն  է։ Եթե շատ բծախնդիր նայենք բանակցությունների ձևաչափին, մեր վերջին շրջանի 2-3 տարվա բանակցությունները եղել են երկկողմ, համենայն դեպս այդպես ենք հռչակել, և  ֆասիլիտացվել են միջազգային դերակատարների կողմից։ Մենք կարծում ենք, որ այսպես էլ պետք էշարունակել։ Դրանք ինչ-որ չափով  ցուց են տվել իրենց արդյունավետությունը, գործի ահագին մասը, մեծ մասը, մեծագույն մասը արդեն արված է և եթե նույն մեխանիզմներով շարունակենք կկարողանան արագ արդյունքի հասնել։ Բացակայող կոմպոնենտը, որ մենք կուզեինք տեսնել և որը կգար լրացնելու այս շղթան և կհասցներ տրամաբանական ավարտին դա ադրբեջանական ղեկավարության քաղաքական կամքն է, որը հիմա պետք է դրևորվի կամ չդրսևորվի»։



Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան հույս հայտնեց, որ բանակցությունները կշարունակվեն, Էստոնիան բանակցություների մաս չէ՝ ասաց, սակայն պատրաստ է օգնել, որքան հնարավոր է։

Երկու երկրների արտգործնախարարները Հայաստան են ժամանել միասին Բրյուսելից, որտեղ մասնակցում էին Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, այդ առումով Հայաստանի արտգործնախարարը հարկ համարեց հստակեցնել, որ ողջունելի է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման որոշումը։

Էստոնիայի արտգործնախարարն էլ խոսեց աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց, որ բրյուսելյան քննարկումների առանցքում թեև ուկրաինական հարցն էր, բովանդակայինը Միությանը վերաբերող հարցերն են։

«Բոլորն էլ գիտեն թե ինչ է դրված օրակարգերում, սա միայն Ուկրաինային սատարելը չէ, ռազմական լուծումները չեն, դա փաթեթավորումն է, բայց դրանից այն կողմ կան ավելի խորը սկզբունքներ՝ ընդլայնման սկզբունքները։ Հուսանք, որ ԵՄ կկարողանա այս որոշումը կայացնել։ Հեշտ չէ։ Առանց այս տեսակի առաջընթացի ԵՄ և ՆԱՏՕ առաջարկների չէր կարող Էստոնիայի արտգործ նախարարը այստեղ լինել»։

Էստոնիայի արտգործնախարարն ասաց, որ Արարատ Միրզոյանի հետ խոսել է վիզային ռեժիմի ազատականացման մասին և հաջորդ տարվա ընթացքում  դրական արդյունքներ են ակնկալում։

«Առաջիկա մի քանի օրերը վճռորոշ են լինելու։ Այսօր քննարկեցինք և համաձայնեցրեցինք, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը և թե ինչ կարող է անել Էստոնիան»։



Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան շեշտեց նաև, որ Էստոնիան թեև պաշտոնապես չի ճանաչել հայերի դեմ ագրեսիան, բայց պատրաստվում է նման  գործընթաց սկսել, քանի որ  կարծում է, որ այդ որոշումներն են  կանխելու ցեղասպանությունները։

«Կարևոր է շարունակաբար խոսել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության մասին, ցեղասպանությունների մասին, հակառակ դեպքում ամեն ինչ կկրկնվի։ Ուզում եմ ասել, որ պաշտոնական ցեղասպանության ճանաչման գործընթացներ կսկսենք, երբ ես մեկնեմ Էստոնիա»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն