Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի կապակցությամբ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է կառուցողականության կոչերի ու հայտարարությունների շղարշի տակ զարգացնել ապակառուցողական գործելակերպ։
«Ադրբեջանական ապակառուցողականության մեխանիզմները չեն փոխվում։ Դրանք ներառում են անհիմն մեղադրանքներ միջազգային հանրության և նրա կարկառուն ներկայացուցիչների հասցեին, սպառնալիքներ Հայաստանին և հայ ժողովրդի հասցեին, ինչպես նաև «բարի կամքի» դրսևորման մասին լայն քարոզչություն։
Ադրբեջանն առաջին հայացքից «ապաքաղաքական» հասարակական խողովակներով արտահայտում է իր իրական տրամադրություններն ու նպատակները՝ ռասիզմի ու խտրականության մեջ մեղադրելով հեղինակավոր այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսիք են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդրա Խանթաքին, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրոպական Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալը, ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսմեններ և սենատորներ։
Այս հեղինակավոր անձինք պարբերաբար հայտնվում են ադրբեջանական սև քարոզչության թիրախում և նրանց միավորում է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների վերականգնման և ապահովման պահանջը։