ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի խնդրի լուծում. Նիկոլ Փաշինյան
Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի ամբողջական տարբերակի հրապարակումից առաջ հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը, որտեղ լրագրող Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հարցը փակվել է, թե ոչ, վարչապետը պատասխանել է․
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի ԼՂ խնդրի լուծում: ՀՀ կառավարությունն ամեն ինչ արել է, որ ԼՂ-ն չհայաթափվի այն առումով, որ անընդհատ առաջ էր մղվում գաղափարը, թե թող մարդիկ դուրս գան: Մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես չլինի»:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի խոսնակի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները մեծամասամբ Հայաստանի պատճառով չեն կատարվել՝ Փաշինյանն արձագանքել է. «Այսինքն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանը պետք է ԼՂ հայության վրա հարձակվի, իսկ այդ ընթացքում ռուս խաղաղապահները պետք է թաքստոցներում մնա՞ն»:
Հարցին՝ ՀՀ-ն ինչ-որ բան հիմա ուզում է, թե ոչ, ՀՀ վարչապետը պատասխանել է․ «Մենք ուզում ենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունն ու ժողովրդավարությունը»։
Հիշեցնենք, որ հարցազրույցի ամբողջական տարբերակը կթողարկվի այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 22։10-ին։