Կառավարության դեկտեմբերի 21-ի նիստին որոշում կայացվեց ԿԳՄՍՆ-ի՝ 2023 թվականի պետբյուջեով կապիտալ ծարագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև վերաբաշխում կատարել, ինչ արդյունքում առաջացող մնացորդը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց հատկացվելիք գումարի շրջանակում նախատեսվող աշխատանքները: Օրինակ՝ նախատեսվում է «Երևանի հ․ 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում գազիֆիկացում կատարել, «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ում ջեռուցման համակարգը նորոգել, «Ռուսական արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ում մուտքի դուռն ու պատուհանները փոխարինել, «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ում շենքի նախամուտքը նորոգել, «Զաքար Խաչատրյան և Արտաշես Հովսեփյան տուն-թանգարանի» մասնաճյուղի շենքը ցանկապատել ու տարածքը բարեկարգել, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում սանհանգույցները նորոգել և այլն:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում ծրագրի շրջանակում ՀՀ վարչապետն անդրադարձավ Արտաշատ մայրաքաղաքի պահպանված հատվածի հետ կապված խնդրին:

«Արտաշատ մայրաքաղաքի պահպանված հատվածը կամ տեսանելի, երևացող հատվածը գտնվում է փշալարերից այն կողմ: Ամիսներ առաջ այցելեցի, և նաև ինձ համար հարց էր՝ ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները, օտարերկրյա զբոսաշրջիկները, դպրոցների աշակերտները պիտի հասանելիություն չունենան մեր պատմական մայրաքաղաքին: Դա էլ է հետաքրքիր: Մենք հիմա այն տարածքները, որտեղ մեր երեխաներին տանում ենք էքսկուրսիա՝ որպես Արտաշատ պատմական մայրաքաղաք, այնտեղ ոչ մի բան չկա: Սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է, 7 բլուրներից մեկն է, բայց փշալարերից այն կողմ, նյութերը ես ինքս նկարահանել եմ, շատ պահպանված շինություններ կան»,- ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ վերջերս հանձնարարական է տվել ԱԱԾ-ին, ԿԳՄՍՆ-ին, որպեսզի տարածքի առումով հասանելիությունը ապահովվի:

«Բարեբախտաբար, ահագին բան պահպանված է և տպավորիչ է, և հիմա մենք պետք է հնարավորինս արագ այդ խնդիրը լուծենք»,- ասաց նա և հավելեց, որ պետք է պայմաններ ստեղծել աշակերտների համար, որպեսզի տեղում նաև դասեր անցկացնելու հնարավորություն ունենան, ինչպես ընդհանուր առմամբ ՀՀ-ի բոլոր քաղաքացիներն ու զբոսաշրջիկները պետք է հասանելիություն ունենան տեղանքին: Փաշինյանը նաև ուրախալի համարեց փաստը, որ այս մասով անցնում են գործնական փուլի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն