Տարին մեկ կարող ենք ընտրություն կրել, բայց արտահերթի չենք գնում․ Սիմոնյան
Աժ-ում լրագրողները արտահերթ ընտրությունների գնալու մասին հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով հերքեց արտահերթի գնալու մասին լուրերը։
«Բավական է, որ մի ֆեյսբուքյան օգտատեր մի ապուշություն գրի, դուք գալու եք ԱԺ նախագահին այդ հարցերը տա՞ք։ Դա ապուշություն, հիմարություն և սուտ է, այսինքն ինչի համար են պետք արտահերթ ընտրությունները։
Եթե շատ ենք աշխատում, ուրեմն ընտրությունների՞ ենք գնում, տարբեր հարցեր ենք քննարկում, կուսակցաշինությամբ ենք զբաղվում, Երևանի ընտրության արդյունքներն ենք քննարկում։
Սահմանադրական մեծամասնություն ենք, ինչո՞ւ պետք է գնանք արտահերթ ընտրությունների։ Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություն կրենք, իսկ ընդդիմությունը ընդհանրապես պատրաստ չէ ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել։ Իրենք ինչ-որ օրակարգ են ձևավորում, հետո սկսում են դրա դեմ պայքարել, հո մանկապարտեզ չի»,- ասաց Սիմոնյանը։
Վերջինս վստահեցրեց, որ արտահերթ ընտրությունների գնալու հարց անգամ չի քննարկվել։
Դիտարկմանը, որ հնարավոր է դրսից են պարտադրում գնալ արտահերթ ընտրությունների, ԱԺ նախագահը պատասխանեց․
«Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել, կարող էին Ռոբերտ Քոչարյանին պարտադրել ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրել ռուսները, նախկին իշխանություններին ամերիկացիները կարող էին գրանտ տալու դիմաց ինչ-որ բան պարտադրել, մեզ վրա ոչ ոք լծակ չունի։
Մեզ պետք չէ, որ իրենք մեր ընտրությունները ճանաչեն, մեր «գլուխը շոյեն»։ Քաղաքական առումով մեզ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն ունենալ»։