Վարազդատ արքայի մարզական արկածների մասին պատմող «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը բարձրացավ մեծ էկրան
Մուլտարվեստի երկրպագուները մայիսի 27-ից կարող են Երևանի կինոթատրոններում դիտել «Օլիմպիկոս» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը՝ հիմնված իրական պատմության վրա: Այն ներկայացնում է հայոց հզոր թագավոր Վարազդատին, որը մասնակցում է օլիմպիական խաղերին և հաղթում:
Մայիսի 27-ին լրագրողները հնարավորություն ունեցան դիտելու ֆիլմն ու զրուցելու ստեղծագործական թիմի հետ:
«Շատ կարևոր է այն փաստը, որ ֆիլմը թարգմանվում է ռուսերեն և անգլերեն: Անգլերեն թարգմանությունն իրականացվում է ԱՄՆ-ում: Դերասաններն ամերիկացի են: Կարծում եմ՝ դա կարևոր է հայկական անիմացիայի պատմության համար»,-ընդգծում է Սահակյանցը:
Ֆիլմում Վարազդատ արքային հնչյունավորած դերասան Արման Նավասարդյանը դեռ չի հասցրել դիտել այն, սակայն վստահ է՝ ֆիլմն անհրաժեշտ է հատկապես այսօր՝ հայի տեսակը վերագտնելու համար: «Այնպիսի տպավորություն է, որ մենք շատ կարևոր բաներ մոռացության ենք մատնել: «Օլիմպիկոս»-ը կօգնի, որ արժևորենք այն ամենը, ինչի մասին կարծես թե չենք հիշում: Հայաստանը փոքր երկիր է. բոլորս ճանաչում ենք միմյանց: Պետք է ընտանիքի պես ապրենք, վստահենք իրար, չթշնամանանք, հայրաբար ապտակենք, որդիաբար սիրենք: Մենք ջերմության կարիք ունենք»,-շեշտում է Նավասարդյանը:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը հնչյունավորել է Վարազդատ արքայի թշնամի Մոլլաթոռին: Նա նշում է՝ «Օլիմպիկոս»-ը հայրենասիրություն է քարոզում, անդրադառնում է մեր պատմության գեղեցիկ էջերից մեկին, և այդ պատմությունը հիանալի անիմատորների յուրահատուկ մոտեցմամբ վերածվում է ֆիլմի: «Շատ լավ է, որ այս ծանր ժամանակահատվածում և՛ երեխաները, և՛ մեծահասակները կարող են դիտել այն ու դրական լիցքեր ստանալ: Հպարտ եմ, որ ունենք նման աշխատանք, որը կարևոր է մեր երկրի համար»,-ասում է Արզումանյանը և հավելում՝ ֆիլմն աչքի է ընկնում բազմաթիվ արտահայտություններով, որոնք շատ հայաշունչ են:
«Օլիմպիկոս»-ի բեմադրող ռեժիսորներն ու պրոդյուսերներն են Դավիթ Սահակյանցն և Հայկ Սահակյանցը, սցենարի հեղինակներն են Վարդան Զադոյանը, Դավիթ Սահակյանցը, Լյուդմիլա Սահակյանցը, Ռուբեն Ջաղինյանը, Հայկ Սահակյանցն ու Սարգիս Մնոյանը, բեմադրող նկարիչը Էռնեստ Մուրադյանն է, կոմպոզիտորը` Արմեն Մարտիրոսյանը, հետարտադրական պրոդյուսերը Վահան Հովհաննիսյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը։
Հերոսներին հնչյունավորել են Արման Նավասարդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Զարուհի Բաբայանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լիլիթ Թոխատյանը, Վիգեն Դտեփանյանը, Նարեկ Դուրյանը և Դավիթ Բաբայանը։
Ստեղծագործական թիմի անդամների խոսքով` անիմացիոն ֆիլմը, որը հիմնված է պատմական փաստերի վրա, առավել քան արդիական է այսօր։ Այն հյուսված է միասնական ուժի և համախմբված լինելու գաղափարի շուրջ, ինչը հաղթանակներ կերտելու կարևոր գրավականն է, իսկ դրական հերոսները հայրենասիրության և ընտանեկան բարձր արժեքների լավագույն օրինակ են։
Օրերից մի օր հայոց Վարազդատ թագավորը հրավեր է ստանում Հունաստանից: Նրան առաջարկում են ուղարկել Հայաստանի լավագույն մարզիկներին՝ օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Արքան, հիշելով իր մարզական անցյալը, որոշում է անձամբ մեկնել խաղերին և նվաճել բարձր տիտղոսը: Նրան միանում է նաև արքայական ընտանիքը: Արկածներով լի ճանապարհը նրանց հասցնում է Հունաստան, բայց արքային հետապնդում է Մոլլաթոռը՝ Հայաստանի ու հենց Վարազդատի մեծագույն թշնամին, որը ցանկանում է օգտվել իրավիճակից, երկրի սահմաններից դուրս սպանել հայոց արքային և տիրանալ գահին: Մոլլաթոռի պատճառով արքայական ընտանիքն անցնում է ծուղակների և մեծ դժվարությունների միջով: Ի վերջո ընտանիքի միասնության և արքայի հզոր ուժի շնորհիվ հայոց Վարազդատ թագավորը հաղթում է օլիմպիական խաղերում և փառքով վերադառնում Հայաստան: