Հույն հրշեջները ամբողջ գիշեր պայքարելու են անտառային հրդեհի դեմ, որը հասել է Հին Օլիմպոսի հնագիտական թանգարանի, Միջազգային օլիմպիական ակադեմիայի մատույցներին, ինչպես նաեւ Հին Հունաստանի Պելոպոնես թերակղզու սրբավայրի հնագիտական հարթակին, որտեղ սկսվել եւ բազում դարեր անցկացվել են անտիկ Օլիմպիական խաղերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Open հեռուստաալիքին։

Իլիոսի մարզ եկած հրշեջները փորձում են թույլ չտալ, որպեսզի կրակը հասնի Հնագիտական թանգարանին եւ Հին Օլիմպոսի հնագիտական հարթակին, որն ամեն տարի այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Տեղում գտնվում է մշակույթի եւ սպորտի նախարար Լինա Մենդոնին։ Հին Օլիմպոսի շրջակա բլուրներում մասնագետները հողափոր տեխնիկայի օգնությամբ հակահրդեհային գծեր են փորել, իսկ հնագիտական հարթակի տարածքում միացվել է հակահրդեհային սարք, որպեսզի թրջի հարակից տարածքը։

Չնայած հրշեջների ջանքերին, կրակը մոտենում է Հնագիտական թանգարանին եւ Հնագույն Օլիմպոսի այլ օբյեկտների։ Համաձայն հեռուստաալիքի հաղորդման՝ ուժեղ կրակը նկատվում է հնագիտական հարթակից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Ավելի վաղ իշխանությունները կարգադրել էին որպես նախազգուշական միջոց տարհանել  Հին Օլիմպոս փոքր քաղաքի եւ տեղի Միրակա համայնքի բնակիչներին։ Դուրս են բերվել նաեւ տեղի հյուրանոցների զբոսաշրջիկները։

Չորեքշաբթի տեղի ժամանակով ժամը 22.30-ին Հին Օլիմպոսի շրջանում գրանցվել է էլեկտրաէներգիայի անջատում մեծ տարածքով, ինչը դժվարացրել է հրշեջների տարբեր ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։ Այնուամենայնիվ, այնտեղ ակտիվորեն պայքարում է մոտ 160 մարդ։ Առավոտ նրանց նորից կմիանա հրշեջ ավիացիան, որը կշարունակի ջուր ցանել այրվող անտառի վրա։

Բարդ է իրավիճակը նաեւ Էվբեա կղզում։ Տեղեկացվում է, որ կրակը անցել է մի քանի գյուղերով։ Նախնական գնահատականներով՝ այրվել է մոտ 300 տուն։ Կղզու հյուսիսային շրջանների բնակիչները երկրորդ դժվար գիշերն են անցկացնելու, քանի որ հրդեհն ընդլայնվել է։ Իշխանությունները տարհանել են ընդհանուր առմամբ 14 գյուղերի բնակիչների։ Ոմանց լողափերից դուրս են բերել ափամերձ պահպանության մոտորանավակներով։ Դափնի շրջանում, որը Ռովիես բնակավայրի մոտ է, կրակի նոր օջախ է հայտնվել։

Մեծ անտառային հրդեհը շարունակվում է Մելպիա շրջանում (Մեսինիա մարզ, Պելոպոնես)։ Փոխմարզպետ Ստատիս Անաստասոպուլոսի խոսքով՝  այնտեղ կրակի դեմ ամբողջ գիշեր  պայքարելու են 28 հրշեջ 11 մեքենաներով, ինչպես նաեւ հետեւակ ջոկատը։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել են տեղի վեց համայնքների բնակիչները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն