Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն երկրորդ օրն է, որ համացանցի հայկական օգտատերերը ԶԱՅՐԱՆՈւՄ և ԶԱՐՄԱՆՈւՄ ԵՆ այն բանի կապակցությամբ, թե ինչպես են ադրբեջանցիները ինչ-որ կեղծ միջնորդ ֆիրմայի միջոցով ֆիլմ նկարահանել այսպես կոչված «Ուրարտուի» մասին, դրոնների միջոցով Երևանում արել են օդային նկարահանումներ, հարցազրույցներ են վերցրել մեր մասնագետներից և վերջում էլ, բնականաբար, ամեն ինչ ներկայացրել են իրենց ձեռնտու, ԿԵՂԾՎԱԾ, իրենց համար սովորական ՊԱՏՄԱԿԵՂԾԱՐԱՐԱԿԱՆ ոճի մեջ:

Չեմ զարմանում, իրոք:

Ինձ ճանաչողները գիտեն, թե սեփական համեստ հնարավորություններիս սահմաններում ինչ լարված գործունեություն եմ ծավալում հայ ժողովրդի պատմությունն ԸՍՏ ԱՐԺԱՆԱՎՈւՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՀԱՄԱՐ, բայց ինձ ճանաչողները նաև լավ գիտեն, որ ամեն հարմար առիթով ասում եմ – ՍԱ ՊԵՏՔ Է ՊԵՏՈւԹՅՈւՆՆ ԱՆԻ: Մեր պետությունը, սակայն, այդ ոլորտում նույնիսկ այն նվազագույնը չի անում, ինչն արվում էր նախորդ երեք նախագահների օրոք: Ներկայումս մեր պետական քաղաքականության մեջ Հայոց պատմությունը ներկայացված է մակերեսային և վուլգար, «ՏՈւՐԻՍՏԻ ՎՐԱ ԲԱՑԻԿ ԾԱԽԵՄ» պարզունակ սկզբունքով, ոչ ավել: Սրան հակառակ՝ մեր թշնամիներն այս ոլորտում աշխատում են ամենալարված, նպատակամղված ու համակարգված ձևով՝ դրվում են փողեր, արվում են ուսումնասիրություններ, կաշառվում են մասնագետներ, մղվում է ամենալայն մի ագիտացիա և ԳՈՐԾԻ ԵՆ ԴՐՎՈւՄ ՇԱՏ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ:

2053 թ-ին Էրդողանի Թուրքիան նպատակ ունի նշել Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը, իսկ 2071 թ-ին էլ՝ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը: Իր հերթին Ալիևի Ադրբեջանն ամենալայն մի գործունեություն է ծավալել, որի վերջնարդյունքում Արաքսից արևելք ձգվող տարածքները ՎՍՏԱՀՈՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈւՄ ԵՆ ԱՂՎԱՆԱԿԱՆ Ու ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ոչինչ՝ բառիս բուն իմաստով՝ ՈՉԻՆՉ: Կրթության ոլորտի մեր պատասխանատուն ԱՆԹԱՔՈւՅՑ ՀԵԳՆԱՆՔՈՎ է մոտենում Հայոց պատմությանը, գործադիրի ղեկավարն այնքան վատ գիտի Հայոց պատմությունը, որ, ըստ նրա, Նժդեհը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, իսկ Էրատոն էլ եղել է Տիգրան Մեծի թոռնուհին, ընդ որում հսկայական ազդեցություն ունեցող վարչապետի կինն էլ վստահ է, որ նույն Էրատոն ապրել է. «մ.թ.ա. 5-8 րդ դարերում» - մեջբերումը և ոճը պահպանված են:

Մեր Հայոց պատմությունը կարծես ՄԻ ՄԵԾ, ԼՈւՍԱՎՈՐ, ԳԵՂԵՑԻԿ, ՈւԺԵՂ, ԲԱՅՑ… ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄՆԱՑԱԾ ԾԱՌ Է, որը անվերջ կրծում են Ալիևի և Էրդողանի որդերը: Այո, այն այնքան մեծ է ու գեղեցիկ, որ այդ որդերը չեն կարողանում այն տապալել, բայց… վնաս են տալիս և անվերջ թուլացնում են, սակայն ինչո՞ւ Հայոց պատմությունը ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅԱՆ ու ՀՈԳԱՏԱՐ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱ, ինչո՞ւ այն ներկայացնելու ու պաշտպանելու գործը պետք է մնա ինձ նման թեկուզ և գործին անվերջ նվիրված, բայց այնուհանդերձ անհատների վրա, սա է հարցերի հարցը…

Ազգի պատմությունը իմաստնության ակունք է, բայց այն իր մեջ նաև բազում հարցերի պատասխաններ է պարունակում, որոնք օգնում են ՀԱՍԿԱՆԱԼ ՆԵՐԿԱՆ և փորձ կատարել ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԱՊԱԳԱՆ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն