Դա ազդակ է բոլոր գերատեսչություններին, նախարարներին և ինձ անձամբ. Մինասյանը՝ ազատումների մասին
Վարչապետի մարզային վերջին այցերին հաջորդած պաշտոնից ազատումները ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի համար ազդակ են, թե ինչպես պետք է աշխատել։ Այդ մասին նախարարն ասաց իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ:
«Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ, այն առումով, որ թերի աշխատանքը անպայման պետք է ունենա իր հետևանքները։
Քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն՝ գոնե իմ ունեցած ինֆորմացիայով»,- ասաց նախարարը և հավելեց, որ իրավապահները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ուսումնասիրում են, որպեսզի հասկանան, թե երբ են ծագել թերացումները՝ մրցույթների հայտարարման տեխնիկական առաջադրանքներո՞ւմ, թե՞ աշխատանքի հանձնման-ընդունման ընթացքում: Երբ իրավիճակը պարզվի, ըստ նախարարի, վարույթներ կհարուցվեն։
«Ինչ վերաբերում է մնացած պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է, երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնական է, որ պետք է լինեն հետևանքներ: Շատ հաճախ այլ պայմաններում կամ նախկինում դա կարող էր լինել ավելի թաքնված և ոչ բացահայտ, հանրային, բայց կարծում եմ՝ հուրախություն ինձ և մեր քաղաքացիների, թափանցիկ, բաց տեղի են ունենում գործընթացներ։ Եվ դա նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին և ինձ անձամբ, թե ինչպես է պետք աշխատել, և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Լոռու մարզ և նորակառույց ուսհաստատություններում արձանագրել բազմաթիվ թերացումներ: Այցից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել էին: Աշխատանքից ազատվել էր նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, երբ վարչապետը թերություններ էր գտել մարզի դպրոցներում կատարված աշխատանքներում։