Տարածաշրջանի երկրները վճռական են՝ կանխելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիա, Հունաստան, Հորդանան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա կատարած իր այցերի ընթացքում քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում: Նրա խոսքով՝ այս երկրներում վճռական են՝ կանխելու հակամարտության տարածումը:
«Իսրայելն ու իսրայելցիները պետք է կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ չվախենալով ահաբեկչություններից կամ ագրեսիայից իրենց հարևաններից որևէ մեկի կողմից: Բացի դրանից՝ Արևմտյան ափը պետք է պաշտպանված լինի, իսկ Գազան պետք է միավորվի պաղեստինցիների ղեկավարության ներքո: Տարածաշրջանի ապագան պետք է կապված լինի ինտեգրման, այլ ոչ թե բաժանման և հակամարտությունների հետ: Որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է տեսնենք անկախ պաղեստինյան պետության ստեղծումը»,- իր եզրահանգումներն է կիսել Բլինքենը:
Նրա խոսքով՝ այդ ամենին հասնելը դժվար կլինի, բայց բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ աշխատելու միասին և համակարգելու ջանքերը՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և կայունության ուղղությամբ:
Պետքարտուղարը տեղեկացրել է, որ ուղևորվում է Իսրայել: