Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թ.-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ից՝ մյուս մարզերում, բացառությամբ՝ սահմանամերձ բնակավայրերի. Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննակմանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ 2021-ի վերջին ընդունվել էր օրենք, որով սահմանվել էր, որ որոշակի ժամանակացույցով համակարգի կիրառությունը կդադարեցվի Երևանում: Վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն էր, այսինքն՝ դրանից հետո ստացվող վարկերի մասով այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի:

«Մոտավորապես նույն տրամաբանությամբ, բայց ավելի երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումն ունենալ մարզերի համար: Երևանին հարակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառությունը դադարեցնել 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող հիփոթեքային վարկերի գծով, իսկ մնացած մարզերի մասով՝ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ բացառություն նախատեսելով սահմանամերձ բնակավայրերի համար»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ նախագծով առաջարկվող կարգավորմանը հետադարձ ուժ չի տրվելու:

Փոփոխություն է կատարվում նաև վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափի հարցում:

Օրենսդրությամբ այժմ սահմանված է 1.5 մլն դրամի չափով, նախագծով առաջարկվում է նվազեցնել՝ սահմանելով 750 հազար դրամի չափով:

Փոխնախարարը վիճակագրություն ներկայացրեց, որ 2023 թվականն ամփոփվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի վերադարձով, 2022-ին թիվը եղել է 36.5 մլրդ դրամ: Այս տարվա համար գնահատվում է շուրջ 80 մլրդ դրամ:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, կքննարկվի լիագումար նիստում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն