Կարելի է բանակում ծառայել 1 ամիս եւ վճարել ոչ թե 10 մլն դրամ, այլ 8. ԱԺ հանձնաժողովը քննարկում է աղմկահարույց նախագիծը
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը։
Օրենքի նախագծով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
Ներկայացնելով նախագիծը Հայկ Սարգսյանն ասաց. «Մենք կառավարությունում քննարկել ենք, և հավանության է արժանացել այն կարծիքը, որ 1 ամիս ծառայության դիմաց առաջարկվող 10 մլն դրամը դարձնենք 8 մլն դրամ։ Նախատեսում ենք 2 մլն դրամով նվազեցնել, որպեսզի օրենքի շահառուների թիվն ավելի շատ լինի և ավելի քիչ անհարմարություն պատճառենք հավանական շահառուներին։ Այդպիսով նրանց հայրենիք վերադառնալու հնարավորություն կտանք, այլապես գումար չունենալու դեպքում նրանք կշարունակեն մնալ հետախուզման մեջ, հայրենիք էլ կվերադառնան միայն վաղեմության ժամկետը լրանալուց հետո»,– նշեց Սարգսյանը։
Բացի այդ, ՔՊ-ակն պատգամավորն առաջարկեց, որ սահմանային տարիքը 37 տարեկանից դարձնել 45 տարեկան, որպեսզի օրենքից կարողանան օգտվել նաև սպայական կազմի պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները.
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ հայտնեց, որ իրենք կողմ են, որպեսզի 10 մլն դրամը կրճատվի, բայց դեմ արտահայտվեց սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին առնչվող փոփոխությանը։ Նրա խոսքով, այդ փոփոխությունը կարող է «վախեցնել» բազմաթիվ հավանական վերադարձողներին։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն էլ առաջարկ ներկայացրեց ՀՀ քաղաքացիությունը նոր ստացող կամ ստացած անձանց մասով` 1 տարի ծառայելու և 2.5 մլն դրամ վճարելու կետը դուրս բերել։ ՆԳՆ փոխնախարարը շեշտեց` խնդրում են այդ անձանց չվերաբերվել որպես պոտենցիալ հանցագործի, որը խուսափել է զորակոչից։
«Ենթադրվում է, թե այդ անձինք մինչև 27 տարեկանը հատուկ չեն ստացել ՀՀ քաղաքացիություն, որպեսզի զորակոչին չմասնակցեն, բայց կարող է նաև օբյեկտիվ պատճառ լինել դրա համար։ Քաղաքացու ընտրությունն է, թե որ տարիքում դիմի քաղաքացիություն ստանալու համար, ՀՀ նախագահի հայեցողությունն է` որ տարիքում անձին քաղաքացիություն շնորհի»,– ասաց Արփինե Սարգսյանը։
Արդյունքում հանձնաժողովը որոշեց նախագիծը լրամշակել մինչև երկրորդ ընթերցմամբ ընդունելը։