ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջին օրերին ԶՈւ-ում երկու զինծառայողի մահվանը։ Նա կոչ է արել սպասել քրեական վարույթին։

Ըստ Արման Սարգսյանի՝ նման դեպքեր, ցավոք, եղել են ու այսօր էլ կան։

Փոխնախարարը նաև նշել է, որ բանակը հասարակության մի մասն է․ «Հետևաբար, բանակում սպանությունների, հնարավոր ինքնասպանությունների և նման դեպքերի մասին կխնդրեմ պատշաճ, խորը տեղեկատվություն ստանալ նախաքննական մարմիններից, որովհետև նախնական գնահատականները կարող են բացասական ազդեցություն ունենալ»։ 

Հարցին՝ ո՞վ պետք է հրաժարական տա, Սարգսյանն ասել է. «Պետք է տեղի ունենա քննություն, և դրա արդյունքում մեղավորները կպատժվեն»։

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Վարդենիսում երկու ողբերգական դեպք է արձանագրվել։

Ժամը 06:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:  Նրա սպանության կասկածանքով ժամկետային զինծառայող է ձերբակալվել։

Նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Նա, ըստ քննչական կոմիտեի, ինքնասպան է եղել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն