ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հութիների ռազմակայաններին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ինքնաթիռներն ու ռազմանավերը ուրբաթ գիշերը սկսել են հարվածներ հասցնել Եմենի հութի ապստամբ խմբավորմանը, որը հարձակումներ էր գործում Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի վրա։
Մերձավորարևելյան մամուլի տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել Հոդեյդա նավահանգստային քաղաքը և Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը։ Ըստ Reuters-ի՝ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներով, ինչպես նաև նավերով և սուզանավով։
Միջազգային մամուլը, հղում անելով ամերիկյան և բրիտանական աղբյուրներին, գրում է, որ թիրախները հութիների ռազմակայաններն ու զենքի պահեստներն են, մասնավորապես՝ կամիկաձե անօդաչու սարքերը։
Հարվածների վերաբերյալ միաժամանակ հայտարարություններ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
Բայդենն ասել է, որ հարվածները պատասխան են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա հութիների հարձակումներին, և որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չեն վարանի լրացուցիչ հարվածներ հասցնել անհրաժեշտության դեպքում:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ այդ երկրի հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով:
Հութիների ռազմական ղեկավարության անդամ, գեներալ-մայոր Ջահաֆ Աբդուլսալամը հայտարարել է, որ հութիները պատասխան հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան և բրիտանական նավերի վրա։
«Ամերիկացիների և բրիտանացիների բոլոր սպառնալիքները մեզ չեն վախեցրել և չեն վախեցնի և չեն ստիպի մեզ հրաժարվել Գազայում գտնվող մեր եղբայրներին աջակցելու մեր պարտքից», — սոցիալական ցանցերում գրել է հութիների ղեկավարության մեկ այլ անդամ Աբդուլքադեր ալ-Մորտադան,- «Նրանք ավելի շուտ կամրապնդեն մեր հավատքը և վստահությունը մեր դիրքորոշման և մեր գործի արդարության նկատմամբ»:
Հութիների դեմ հարվածներից հետո Ռուսաստանը հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու հայց է ներկայացրել, հայտնում է РИА Новости-ն։
Հութիները վերահսկում են 150 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով Եմենի հյուսիս-արևմտյան նահանգները, ներառյալ մայրաքաղաք Սանան։