Wildberries-ն սկսում է փոխհատուցում վճարել հրդեհից վնասված ապրանքների համար և նոր կենտրոն կբացի Սանկտ Պետերբուրգում
Wildberries առցանց առևտրի հարթակն այսօրվանից սկսում է փոխհատուցում վճարել Սանկտ Պետերբուրգում հարթակի պահեստների համալիրում օրերս տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրված ապրանքների համար: Բացի դրանից, ընկերությունն օպերատիվ կերպով Սանկտ Պետերբուրգում նոր կենտրոն կբացի։
«Երկու շաբաթվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի տեսակավորման կենտրոնի նոր տարածքներ կգործարկվեն։ Սա կօգնի արագ վերադառնալ սովորական աշխատանքին և կազմակերպել ապրանքների մատակարարումը: Նոր կենտրոնը կօգնի նվազեցնել գործող «Ուտկինա Զավոդ» պահեստի բեռնվածությունը, և այդտեղից ապրանքները կտեղափոխվեն այլ պահեստներ՝ տեսակավորելու և հաճախորդներին առաքելու համար»,- ասվում է Wildberries-ի տարածած հաղորդագրությունում:
Telegram-ի պաշտոնական Wildberries ալիքը նաև տեղեկացնում է, որ բացի դրանից, այսօրվանից առցանց առևտրի հարթակը կսկսի առաջին փոխհատուցումը վճարել այն վաճառողներին, որոնց ապրանքները վնասվել են վերոհիշյալ հրդեհից։
«Հունվարի 15-ից մենք նախատեսում ենք սկսել վաճառողներին հատուցումների վճարումը: Փոխհատուցման չափը հաշվարկվելու է այնպես, ասես ապրանքը վաճառվել է հունվարի 13-ին»,- մեկնաբանել են ընկերությունից։
Փոխհատուցման ճշգրիտ չափը սահմանելու համար կստուգվեն էլեկտրոնային հաշվառման համակարգերից ստացված տվյալները, իսկ պահեստը կստուգվի Արտակարգ իրավիճակների նախարարությունից թույլտվություն ստանալուց հետո։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Շուշարի բնակավայրում տեղակայված Wildberries-ի պահեստների համալիրում հրդեհ էր բռնկվել, այրվել էր մոտ 50,000 քառակուսի մետր տարածք։