Թուրքիայի բանկերը սկսել են հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց
Թուրքիայի բանկերը սկսել են հրաժարվել Ռուսաստանի բանկերի հետ աշխատելուց, տեղեկացրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում կատարելով ֆինանսական շուկայի եւ արտաքին առեւտրի մասնակիցների աղբյուրին։
Թուրքական բանկերը, գրել է պարբերականը, խզել են թղթակցային հարաբերությունները գրեթե բոլոր ռուսական վարկային կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ դադարեցրել են վճարումներն առանց պայմանագրի պաշտոնական փակման։ Թուրքիայի բանկերը բացառություն են արել Ռուսաստանի օտարերկրյա դուստր բանկերի համար։
Իրավիճակը, ըստ թերթի զրուցակիցների, բարդացել է 2023թ. ամռանը եւ սրվել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է արձակել օտարերկրյա ընկերությունների երկրորդային պատժամիջոցների մասին, որոնք օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Մաքսային-լոգիստիկ բրոքեր Յուլյա Շլենսկայայի խոսքով՝ «բանկերը Թուրքիայում դադար են վերցրել եւ դրամական փոխանցումներ չեն կատարում Ռուսաստանից եւ դեպի իրենց երկիր»։ SOTA Logistic-ի տնօրեն Իգոր Չեռնիշովը տեղեկացրել է, որ «անգամ ծառայությունների վճարում չի կատարվում», իսկ թուրքական բանկերից «միայն մեկն է վճարումներ թույլ տալիս որպես թղթակից»։
ՏԱՍՍ-ի աղբյուրը Թուրքիայի բանկային ոլորտում հունվարի 16-ին հայտնել է, որ թուրքական բանկերը «սպասման» մեջ են Բայդենի հրամանի պատճառով, քանի որ փաստաթղթում օգտագործվել են լայն ձեւակերպումներ, որոնք լրացուցիչ պարզաբանումներ են պահանջում։