Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարությունում: 

Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Փաշինյանը նշել է. «Աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է նաև և փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս փոփոխությանը կարելի է ամենատարբեր կերպ վերաբերել: Բայց՝ անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան:

Այս առումով, Արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սովորաբար այս թեմաների մասին խոսելիս առաջին ֆոկուսը հետևյալն է՝ այս ի՞նչ կառավարման համակարգ ենք ուզում փոխել և ո՞ւմ համար:

Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել: Ես համոզված եմ և ժամանակը՝ իհարկե, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջո ապացուցեց, որ ինձ համար գոնե և մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար: Ընդ որում, ես հիմա ավելի եմ համոզվել, որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա: Խոսքը սրա մասին չէ: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա: Դա  մի փոքր մասնագիտական ոլորտի հարց է, օրինակ՝ դատաիրավական համակարգում ինչ է պետք փոխել: Նկատի ունեմ, քաղաքական առումով իմ խնդիրն ուրիշ է:

Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն