Հայաստանը արձանագրում է հետընթաց, Ադրբեջանը սպառնում է, Արևմուտքը հորդորում է արագացնել գործընթացը, իսկ Մոսկվան պնդում է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել միայն ՌԴ տարածքում։ Սա այն պատկերն է, որն այսօր տիրում է բանակցային սեղանի շուրջ։ Ամեն դեպքում փաստն այն է, որ թեև գործընթացը դանդաղել է, բայց պրոցեսներ կան։

Պաշտոնական Վաշինգտոնը շտապեցնում է Երևանին և Բաքվին «Խաղաղության պայմանագիրը» կնքելու հարցում։ Ձևակերպված ժամկետն է՝ «որքան շուտ, այնքան լավ»։ Սա ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի ձևակերպումն է։ Ամերիկացի պաշտոնյան, սակայն, իր ճեպազրույցում չի ցանկացել խոսել Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի Երևան այցի ու Բաքու չմեկնելու պատճառների մասին։

«Ես չեմ պատրաստվում խորանալ դրանց՝ այդ հանդիպումների ստույգ էության մեջ, բացի ասելուց, որ մենք ողջունում ենք աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ։ Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ»։

Միլլերը խոսում է վերջին մեկ տարում բանակցությունների նշանակալի առաջընթացի մասին՝ խրախուսելով պահպանել թափը։ Մինչդեռ 2024-ին Ալիևը արդեն հասցրել է սպառնալիքների նոր չափաբաժին հնչեցնել Հայաստանի հասցեին, իսկ Հայաստանը՝ բանակցություններում հետընցթաց արձանագրել։

Հայաստան-Ադրբեջան բարդ բանակցություններին զուգահեռ առճակատվում են նաև միջնորդական հարթակները։ Թեև Վաշինգտոնում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու առաջարկը դեռ օրակարգում է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կողմերի փոխարեն շտապում է հայտարարել․

«Այն, որ մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ «Խաղաղության պայմանագիրը» կնքվի բացառապես իրենց տարածքում, դա փաստ է։ Փաստ է նաև, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել միայն ռուսական հարթակում, որտեղ սկսվել են հակամարտությունը կարգավորելու ջանքերը և հարաբերությունների հաստատման ու բոլոր հարցերի կարգավորման փորձերը, դա նույնպես փաստ է։ Որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ»։

Այս տարվա սկզբին՝ օրեր առաջ, Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ասել էր, թե որ միջնորդական հարթակն է նախընտրում պաշտոնական Երևանը, թեև ընդունելի է համարում բոլոր հնարավոր հանդիպումների առաջարկները։

«Մենք կարևորում ենք, որ այն ֆորմատները, որոնք արդեն իսկ ձևավորված են, մասնավորապես, ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են տեղի ունեցել Վաշինգտոնում, երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ են տեղի ունեցել ԵՄ հարթակում, մենք կարծում ենք, որ դրանք պետք է շարունակական լինեն։ Քանի որ դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցություններն ու ռիսկերն ավելի կառավարելի են դարձնում»։



Հայաստանը իր դիրքորոշումը հիմնավորում է մի շարք հարցերում Ռուսաստանի հետ ունենած լուրջ տարաձայնություններով։ Առանցքայինը, մասնավորապես, ՀԱՊԿ-ից հիասթափությունն է, որի պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական գնահատականից այդ կազմակերպության հրաժարումն է։ Բացի այդ՝ Հայաստանի քաղաքական և վերլուծական դաշտում հաճախ նշում են փաստը, որ Հայաստանից բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը մյուս կողմերը չեն կատարել։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով, այժմ Ռուսաստանը փորձում է Հայաստանից ստանալ նաև հայտարարության 9-րդ կետի՝ տարածաշրջանի ապաշրջափակման կատարումը, սակայն, յուրովի մեկնաբանությամբ, որտեղ ակնկալում է ճանապարհների նկատմամբ ռուսական վերահսկողություն։ 

«Այն, ինչ Ռուսաստանը պահանջում է, դա արտատարածքային պահանջ է։ Դասական գրականության մեջ անկախ պետականության իրավասությունները բացառապես այդ պետականության սահմանադրաիրավական կարգի ներքո պետք է ենթադրել։ Չի կարող ՀՀ-ում մի ինչ-որ X տարածություն լինի, որտեղ ՀՀ օրենքը չգործի։ Այդ անձինք ուզում են ասել, որ եթե չեք ուզում պոկենք ձեզանից բռնի ուժով, ապա ինքնակամ հրաժարվեք ձեր մասնաբաժնից այդ «պատառի»։ Այստեղ ճիշտը որտե՞ղ է։ Միայն Հայաստանն է միամտաբար և ոչ հեռատեսորեն կատարել բոլոր կետերը։ Ստորագրելուց ի վեր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կատարել ոչ մի կետ»։

Հունվարի 18-ի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ լավատեղյակ են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սառեցման պատճառների մասին։ Առաջարկների և հետևությունների փոխարեն Լավրովը այլ թեզեր է ներկայացրել, որոնք ավելի շատ ոչ թե ՀԱՊԿ անդամ-պետությունների համագործակցության, այլ ՀԱՊԿ-ից դուրս գտնվող մեկ այլ պետության շահերից են բխում։

Ամեն դեպքում, Լավրովը պնդում է՝ Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը իրենք չեն։ Անգամ պատկերավոր է խոսում՝ Ռուսաստանը կուզեր Հայաստանի հետ տանգո պարել, բայց տեղյակ են, որ Հայաստանում այլ՝ ավելի աշխույժ պարեր են նախընտրում։ Թվարկելով Ռուսաստանի բարեկամ երկրների ցանկը, Լավրովը չի տվել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի անունները։ Ռուսաստանի մերձավոր շրջապատը ըստ այդ սանդղակի Իրանն է, Թուրքիան, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Քաթարը։

Ամեն դեպքում, Ռուսաստանի օրակարգում չկա Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միաժամանակ նա տեղեկացրել է՝ Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։ Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են, և երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ ունենալ։ Կոպիրկինի ներկայացմամբ՝ երկրներն այսօր ունեն փոխհարաբերությունների շատ լայն գործնական օրակարգ, որը վերաբերում է պետությունների, մարդկանց կենսագործունեության առանցքային ասպեկտներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն