ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում տարբեր հարցերի քննարկման ժամանակ երկու օր է պարբերաբար անդրադարձ է կատարվում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին։ Ուշագրավ է, որ խնդրի մասին խոսել են հենց եվրոպացի պատվիրակները՝ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն, խնդրին անդրադարձել է նաև Կիպրոսի նախագահը, որը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում։

Արցախյան հակամարտությունը, ըստ էության, դեռ լուծված չէ․ սա կարելի է հասկանալ ԵԽԽՎ-ում տարբեր հարցերի շուրջ քննարկումների ժամանակ արցախահայերին առնչվող խնդիրները բարձրաձայնելուց։ Թե՛ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, թե՛ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը պնդում են արցախցիների խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը։ ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽԽՎ նախագահը ժամանակ հատկացրեց այդ հարցին․

«ԼՂ-ում մենք ականատես եղանք սուր մարդասիրական ճգնաժամի, որը բացասաբար անդրադարձավ տասնյակ հազարավոր մարդկանց վրա և պատճառ դարձավ զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և երկարաժամկետ կտրվածքով հասցեագրելու ԼՂ  էթնիկ հայերի խնդիրները»։

Նույն խնդիրների հասցեագրման մասին ԵԽԽՎ ամբիոնից խոսել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, թեև հենց նրա պաշտոնավարման ժամանակ և միջազգային կառույցների անգործության պայմաններում Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Ամեն դեպքում Միյատովիչը հայտարարում է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել: Հուսով ենք՝ սա այդ հակամարտության վերջին գլուխն էր: Մի քանի օր առաջ զեկույց հրապարակեցի, շեշտեցի, որ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունից տուժած բոլոր անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է։ Պատերազմի և հակամարտությունների գոտիներում, մարդու իրավունքների վիճակից բացի, դեռ այլ լուրջ մարտահրավերներ կան, որոնք պետք է ավելի լավ հասցեագրվեն»։

Էթնիկ զտումից հետո միայն մարդու իրավունքների հանձնակատարին Ադրբեջանը թույլ տվեց մուտք գործել Արցախի Հանրապետության տարածք։ Իսկ մինչ այդ՝ շրջափակման և Լաչինի միջանցքի արգելափակման 9 ամիսների ընթացքում 3 անգամ մերժեց եվրոպացի պատվիրակների այցի կազմակերպումը Լաչինի միջանցք։ Այդ ընթացքում, Ադրբեջանը չկատարեց ՄԻԵԴ-ի ոչ մի միջանկյալ որոշում։ Թերևս նաև սա էր, ակնարկում Միյատովիչը իր խոսքում․

«Պատճառը, թե ինչու երկրները չեն կատարում իրենց պարտավորությունները՝ քաղաքական կամքի բացակայությունն է։ Միջազգային կարգուկանոնը կխարխլվի, եթե ազգային և միջազգային դատարանների որոշումներն անտեսվեն»։



Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը գոհ է Հայաստանի առաջարկած գործողությունների պլանից և բարեփոխումների ճանապարհից, որով պաշտոնական Երևանը համագործակցում է հանձնակատարի գրասենյակի հետ մարդու իրավունքների, օրենքի գերակայության, զանգվածային լրատվամիջոցների, ազատության և այլ կարևոր հարցերում։ Ասում է՝ կցանկանար տեսնել նաև գործողությունների պլան, ճանապարհային քարտեզ, որի հիման վրա կազմակերպությունը կկարողանար աշխատել Ղարաբաղում և, որը կտաներ դեպի խաղաղության գործընթաց։

Օրեր առաջ հրապարակված Մարդու իրավունքների հանձնակատարի տարեկան զեկույցի 2.2 ենթակետը վերնագրված է «Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ իրավիճակը»։ Ընդհանուր զեկույցում Հայաստանը հիշատակված է 42 անգամ, Ադրբեջանը 36 անգամ, Ղարաբաղը 30 անգամ։ Հենց զեկույցում է Միյատովիչը հորդորել Ադրբեջանին երաշխավորել Արցախում մնացած էթնիկ հայերի իրավունքները՝ ներառյալ տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։

«Մինչ հնարավոր վերադարձը՝ պետք է անհապաղ անվտանգության երաշխիքներ ապահովել, որպեսզի Ղարաբաղի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները, այցելեն իրենց հարազատների շիրիմներին»։

Ըստ հանձնակատարի՝ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն իրենց խաղաղ բանակցություններում պետք է ուշադրություն դարձնեն մարդու իրավունքների պաշտպանությանը և սահմանեն մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»։

Էթնիկ զտումների և 100 հազարից ավելի տեղահանվածների մասին Ստրասբուրգում հիշեցրել է նաև գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն․

Եվրոպացի այս պատվիրակն է բարձրացրել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները դադարեցնելու հարցը։ Որպես պատճառ նա նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումները և քաղբանտարկյալների թվի աճը, ԱՀ-ի դեմ 2023 թ. սեպտեմբերին իրականացված ռազմական ագրեսիան և դրա հետևանքով հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանումը, ինչպես նաև պաշտոնական Բաքվի մերժումը՝ ԵԽԽՎ պատվիրակությանը հրավիրել փետրվարի 7-ին կայանալիք նախագահի ընտրությունը գնահատելու: Նաև հիշեցրել է՝ Ադրբեջանը թույլ չի տվել ԵԽԽՎ զեկուցողներին 2023-ին այցելել Լաչինի միջանցք։

Հունվարի 24-ի ավարտին է միայն պարզ դառնալու, թե ինչպես կքվեարկի Վեհաժողովը այս հարցով։ Բայց մինչ այդ կառույցի նպատակների մասին կարող է վկայել թերևս ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի դիրքորոշումը։ Հունվարի 24-ի առավոտյան արդեն մթնիտորինգի հանձնաժողովը առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Հայտնի է դարձել, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։

Դա նշանակում է, որ Ադրբեջանի պատվիրակությունը առնվազն մեկ տարի չի կարող մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին։ Լիազորությունների սահմանափակումը չի նշանակի Ադրբեջանի մասնակցության դադարեցում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն