Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված գլոբալ խնդիր չկա. Վահան Քերոբյան
Վերին Լարսի անցակետում ներկայումս չկա հայկական բեռնատարների հետ կապված լուրջ խնդիր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Գլոբալ խնդիր չկա: 1-2 օր բեռնատարները կարող է սպասեն, բայց անցանելիությունը ձմեռվա համար նորմալ մակարդակի է»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ, իհարկե, լավ կլիներ, եթե մեքենաները սահուն հատեին Լարսի անցակետը, բայց նախորդ տարիների համեմատ իրավիճակն ավելի բարվոք է:
Նախօրեին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը հունվարի 24-ի երեկոյան ձյան պատճառով փակ է եղել խոշոր բեռնատարների համար։ Այսօր արդեն հայտարարվել է ճանապարհի բացվելու մասին: