ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76 ռազմական ինքնաթիռի վերաբերյալ, որի ժամանակ Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնք ցույց են տալիս Իլ-76 ինքնաթիռի կործանման վայրի ենթադրյալ զննությունը։

«Քննչական գործողությունների առաջին արդյունքները, այդ թվում՝ դեպքի վայրի զննության նախնական տվյալները, թույլ են տալիս եզրակացնել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի տարածքից՝ զենիթային հրթիռով»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։

2024 թվականի հունվարի 24-ին ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի շրջանի Յաբլոնովո գյուղից մի քանի կիլոմետր հեռու՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

Ռուսաստանը հայտարարել է, որ օդանավաը խոցել են Ուկրաինայի տարածքից երկու հրթիռով, ինքնաթիռում եղել է 65 ուկրաինացի ռազմագերի, որոնց պետք է փոխանակեին, անձնակազմի վեց անդամ և երեք ռուս զինվորական։

Ուկրաինան, սակայն, կասկած է հայտնել, որ ինքնաթիռում եղել են ռազմագերիներ, և ներկայացրել է իր տեսությունները, այդ թվում՝ ակնարկելով, որ ինքնաթիռը կարող էր ռուսական ռազմական համակարգի հրթիռներ տեղափոխել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ՄԱԿ-ի գլխարվոր քարտուղարի՝  քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն ասել է. «Մենք հասկանում ենք, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան առանձին հետաքննություն են անցկացնում միջադեպի առնչությամբ, Ուկրաինան էլ կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել, սակայն ՄԱԿ-ն այս պահին չի կարողանա ստուգել Ռուսաստանի և Ուկրաինայի վարկածների իսկությունը»:

Դի Կառլոն միաժամանակ կողմերին կոչ է արել շարունակել ռազմագերիների փոխանակումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն