ԵՄ-ն խնդիրներ կստեղծի հունգարական տնտեսությունում, եթե Բուդապեշտը հրաժարվի Կիևին տրամադրվող օգնությունից. FT
Եվրամիությունը կհարվածի Հունգարիայի տնտեսությանը, եթե Բուդապեշտը արգելափակի Ուկրաինային նախատեսված օգնությունը ԵՄ առաջիկա գագաթնաժողովում, գրում է Financial Time-ը։
Ըստ պարբերականի, Բրյուսելը մշակել է գաղտնի պլան, որում ներկայացրել է ռազմավարություն, որը նախատեսում է օգտագործել Հունգարիայի տնտեսական խնդիրները, ներառյալ պետական բարձր դեֆիցիտը, բարձր գնաճը, թույլ արժույթը և ԵՄ-ում պարտքի սպասարկման վճարումների ամենաբարձր մակարդակը, եթե Բուդապեշտը վետո կիրառի Ուկրաինային օգնության հարցում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ «փետրվարի 1-ի գագաթնաժողովում համաձայնության բացակայության դեպքում մյուս պետությունների և կառավարությունների ղեկավարները հրապարակայնորեն կհայտարարեն, որ Հունգարիայի վարչապետի ոչ կառուցողական պահվածքի լույսի ներքո իրենք չեն էլ կարող պատկերացնել», որ ԵՄ միջոցներ կտրամադրվեն Բուդապեշտին:
Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան ի պատասխան հայտարարել է, որ իր երկիրը չի ենթարկվում ճնշումներին։
Դեկտեմբերին կայացած գագաթնաժողովում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակել էր Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության տրամադրումը:
Փոխզիջման հասնելու համար Բուդապեշտը շաբաթ օրը նոր առաջարկ է ուղարկել Բրյուսել՝ նշելով, որ Հունգարիան սկզբունքորեն բաց է ԵՄ բյուջեն Ուկրաինային օգնելու նպատակով օգտագործելու գաղափարի համար, եթե փոփոխություններ կատարվեն, որոնք թույլ կտան վերանայել որոշումը: