Զալուժնին առաջարկել է բանակի տեխնոլոգիական վերազինում վեց ամսում
Ուկրաինայի առջև խնդիր է դրված ստեղծել տեխնոլոգիական վերազինման բոլորովին նոր պետական համակարգ, որին կարելի է հասնել հինգ ամսում, ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ Այդ մասին նա գրել է CNN-ի «Պատերազմի դիզայնը փոխվել է» սյունակում։
«Հաղթանակը պահանջում է յուրահատուկ ռազմավարություն և տրամաբանություն»,- գրել է Զալուժնին՝ պատերազմի հիմնական շարժիչ ուժ անվանելով «անօդաչու համակարգերի զարգացումը»: Նրա խոսքով՝ անօդաչու համակարգերը, ժամանակակից մյուս սպառազինությունների հետ, Ուկրաինայի համար «լավագույն միջոցն են խուսափելու դիրքային պատերազմի մեջ ներքաշվելուց», որում Կիևն առավելություն չունի:
Ռուսաստանի մյուս առավելությունը, որը նշում է Զալուժնին, մարդկային ռեսուրսների մոբիլիզացումն է՝ Ուկրաինայի պետական ինստիտուտների՝ զինված ուժերի թվաքանակն ավելացնելու անկարողության ֆոնին:
«Հաշվի առնելով զինամթերքի պակասը և կախվածությունն Արևմուտքի նվազող ռազմական օգնությունից՝ Ուկրաինայի թիվ մեկ առաջնահերթությունը «համեմատաբար էժան, ժամանակակից ու բարձր արդյունավետությամբ անօդաչու սարքերի և այլ տեխնոլոգիական միջոցների ամբողջ զինանոցին տիրապետելն է»,- ասել է Զալուժնին։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարն առաջարկել է ռազմական գործողությունների ամբողջական վերակառուցում և հրաժարում հնացած, կարծրատիպային մտածողությունից: Որպես նոր տիպի գործողությունների օրինակ՝ նա նշել է թվային դաշտերի ստեղծումը, ռադիոէլեկտրոնային միջավայրի վերահսկումը կամ համակցված գործողությունը՝ հարձակողական դրոնների և կիբեռակտիվների օգտագործմամբ։