Լոռու մարզի Թեժ լեռան հովտում անցկացվել է «Լոռվա Ձմեռ-2024» ավանդական մարզատոնահանդեսը: Կեսդարյա պատմությամբ ձմեռային սիրված տոնն իր շուրջն է համախմբել մեծերին ու փոքրերին, որոնք մաքուր օդ են վայելել և ուժերը չափել ձմեռային սպորտաձևերում: Վանաձորի համայնքապետարանը պատվոգրեր ու մրցանակներ է սահմանել հաղթողների համար:



Ութամյա Արտյոմ Գալստյանին Թեժ լեռան հովիտ էր բերել սահնակ քշելու մեծ ցանկությունը: Առաջին անգամ էր մասնակցում: Հարցերիս արագ է պատասխանում, շտապում է հայրիկին միանալ:

«Խաղալու եմ եկել, սահնակ եմ քշելու: Ձմեռը նրանով ա հետաքրքիր, որ երեխաները խաղում են ձնով»:

71 ամյա Սոնյա Աքուլյանը տղայի հետ էր եկել Լոռվա ձմեռը վայելելու: Առողջ ապրելակերպի կողմնակից է: Ամեն տարի, ասում է՝ գալիս ենք, վայելում: Ազդարարվում է մարզատոնահանդեսի սկիզբն ու բոլորն շտապում են նետվել ձյան գիրկը։



Այս ու այն կողմ թռչող ձնագնդիկներ, սահնակների ուրախ շարասյուն, դահուկներով սահելու փորձեր. Թեժ լեռան հովիտն իր գիրկն է առել հարյուրավոր լոռեցիների ու հյուրերի, որոնք եկել էին վայելելու Լոռվա սառնաշունչ օդն ու հաճելի ժամանակ անցկացնելու: Աննան Դիլիջանից է եկել՝ ընտանիքի հետ: Ծնունդով Վանաձորից է: Մեր ընտանիքի համար ավանդույթ է, ասում է: 30 տարուց ավելի մասնակցում է Լոռվա Ձմեռ միջոռացմանը:

Աննա Թումանյան․ «Միշտ գալիս ենք, ամեն տարի, փոքրուց, մեզ համար ավանդական հաճելի տոն է, միշտ պատրաստվում ենք հարազատներով ընտանիքով գալիս ենք: Մասնակցում են ամեն ինչի դահուկներով, սահնակով: Երևի ոչ մի մարզում նման միջոցառում չի լինում, բացի Լոռին»:

ԽՍՀՄ տարիներին ՌԴ Մուրմանսկ քաղաքում կազմակերպված «Հյուսիսային տոն» միջոցառումը, որին մասնակցում էին ձմեռային մարզաձևերի ու ակտիվ հանգստի սիրահարները, կիրովականցի Լյուդվիգ Պետրոսյանի համար դարձավ ոգեշնչման աղբյուր: Տոնի կազմկոմիտեի անդամ, ՀԽՍՀ ֆիզկուլտկոմիտեի նախագահ Պետրոսյանը, վերադառնալով Կիրովական, քաղաքային խորհրդին առաջարկում է ունենալ ձմեռային ուրախ տոնախմբություն, որը միաժամանակ դառնալու էր առողջ ապրելակերպի տարածման միջոց, մանավանդ որ Լոռվա չքնաղ բնությունն ու օդը լիովին համապատասխանում էին մարզատոնահանդեսի գաղափարին:

Սկզբում այն կոչվում էր «Կիրովականի ձմեռ»: Հետագայում վերանվանվեց «Լոռվա Ձմեռ», և արդեն կես դար Վանաձորի մերձակա Թեժ լեռան հովտում այն իր շուրջն է համախմբում հարյուրավոր մարդկանց: Բացառությամբ անձյուն ձմեռների, երբ տոնահանդեսը չէր անցկացվում, Թեժ լեռան հովիտ են գալիս ձմռան սիրահարները՝ ուժերը չափելու մի շարք մարզաձևերում՝ ասում է Վանաձորի համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Սասուն Բեգլարյանը.

«17 մարզաձև ա, ֆուտբոլ ա, կշռաքարի բարձրացում, ձնագնդի նետում , պարկակռիվ, բարձակռիվ, ձմեռային մի քանի ձև ա, լեռնադահուկ»:

«Լոռվա Ձմեռը» սիրված տոն է, որովհետև այն գունավորում է ձմեռային կյանքը,- արկածային ժամանցում մասնագիտացած «Նիգմա քվեստ» ակումբի համահիմնադիր Մանե Պապյանն է ասում: Այն միավորում է ուրախ ժամանցն ու ձմեռային մարզաձևերը:

Մանե Պապյան․ «Մեզ համար «Լոռվա ձմեռը» տոն է, որը գունավորում է ձմեռը, իսկ մեր քվեստ ակումբը ապահովում է մարզականը և տոնը, այստեղ մարդկանց հնարավորություն ենք տալիս նետաձգություն փորձել, որը մեր քվեստերի գլխավոր փորձառություններից է և բավական սիրելի»:

3,7 միլիոն դրամ է արժեցել համայնքային բյուջեի վրա միջոցառումը: Միջոցառման կազմակերպման իրավունքը մրցույթով շահած «Օրանժ գրուպ» ընկերության փոխտնօրեն Անուշ Մնացականյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ 2024-ի մարզական միջոցառումների բյուջեն 10 մլն դրամ է, որից ամենամասշաբայինը «Լոռվա Ձմեռն» էր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն