ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Սիրելի՛ ժողովուրդ,

Մենք ապրում ենք ողբերգական ժամանակներում, երբ պատերազմը կոչվում է խաղաղություն, երբ ազգային արժեքների փլուզումը կոչում են նոր Հայաստանի ստեղծում, երբ մարդկանց կենսամակարդակի կտրուկ անկումը կոչում են տնտեսական վերելք: Մարդկանց դաժանորեն խաբում են:

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում կալանավորումը որպես վրեժխնդրության միջոց են կիրառում և արդարադատություն խաղում՝ անգամ իրենց յուրայինների դեպքում։

Առանց ամաչելու նշում են, թե ընտրություններ չեն կեղծում: Մինչդեռ  այսօրվա  Հայաստանում ոչնչացվում է տեղական ինքնակառավարման համակարգը, քաղաքացու քվեն դառնում է զրո, որովհետև կեղծում են մարդկանց քվեն արդեն հետընտրական գործընթացի ժամանակ:

Բերեմ օրինակներ՝ Մամիկոն Ասլանյանը բանտում է հայտնվել՝ Վանաձորի ընտրություններում հաղթելու պատճառով,  Ալավերդիում այսպես ասած «մարդաորսություն» իրականացրեցին ու քաղաքապետ փոխեցին։ Գյումրիում 2021-ի ընտրություններից հետո ստվերային գործարքի գնացին ու ստիպեցին ժողովրդի քվեն աճուրդի հանել։ «Բալասանյան» դաշինքն ընդդիմադիր բառապաշարով ընտրություններին մասնակցեց, բայց հետո գործարքի գնաց Փաշինյանի թիմի  հետ՝ փաստացի գողանալով գյումրեցիների ընդդիմադիր քվեն։

Երբ համայնքներում պարտվել է ՔՊԿ–ն, հաղթողին կա՛մ կալանավորել են, կա՛մ սկսել են ավագանիներին տեռորի ենթարկել, կաշառել նրանց, ու ընտրության արդյունքները վերանայել։

Հիմա հերթը հասել է Երևանին։

Ստվերային գործարքի արդյունքում քաղաքապետի պաշտոնը զավթելուց հետո ՔՊԿ-ն անցել է ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու օպերացիային։

ՔՊԿ-ն խաբեց, թե, իբր, անելու է այն, ինչ կասի երևանցին, սակայն իշխանությունը զավթելուց հետո քաղաքացիների գլխին թանկացումներ բերեցին։ Հիմա էլ պատրաստվում են քաղաքային տրանսպորտը թանկացնել։ Դրա համար էլ հարձակվել են Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունների վրա, որպեսզի քաղաքացուն թալանի մատերիալ սարքելը համեմատաբար հեշտ լինի։

Հակառակորդ և յուրային ճամբարների վրա հարձակումները Նիկոլ Փաշինյանին, բացի թանկացումները մարսելու նպատակից, պետք են նաև Ալիևի օրակարգը սպասարկելու համար։

Փաշինյանը հիմա դարձել է նյարդային ու կասկածամիտ։ Վախենում է բոլորից:  Վախից էլ հարձակման է անցել բոլորի վրա։ Պարզ է, որ նա չի կարողանալու հաղթել բոլորին, բայց որպեսզի խուսափենք մեծ ու անիմաստ կորուստներից, մեզ անհրաժեշտ է միասնական ջանքերով ազատվել այս չարիքից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն