Քննարկվել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել է մարզական լրագրողների հետ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով:
Հանդիպմանը ներկա են եղել հայկական սպորտը լուսաբանող փորձառու լրագրողներ, որոնք ամեն տարի նաև մասնակցում էին լավագույնների քվեարկությանը:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է՝ դիտարկվում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ձևաչափերի փոփոխության, այդ թվում՝ մրցույթի անվանափոխության անվանակարգերի սահմանման հարցերը:
«Նախնական քննարկումների արդյունքում դիտարկում ենք մի իրավիճակ, ըստ որի կունենանք լավագույն եռյակ, ու մի քանի անվանակարգեր՝ լավագույն մարզուհի, լավագույն երիտասարդ մարզիկ, լավագույն մարզիչ, լավագույն թիմ, հանդիսատեսի համակրանք: Սա չի ենթադրում ոչ պաշտոնական թիմային հաշվարկ: Նախատեսում ենք ունենալ նաև առանձին անվանակարգ՝ արտասահմանում հանդես եկող և Հայաստանը հանրահռչակող լավագույն մարզիկ, ինչպիսին են օրինակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, բռնցքամարտիկ Արսեն Գուլամիրյանը և այլք»,- ասել է Կարեն Գիլոյանն ու կարևորել մարզական լրագրողների դիտարկումները՝ մրցույթի անցկացման ձևաչափի լավարկման հարցում:
Ծավալված քննարկումների արդյունքում մարզական լրագրողներն առաջարկել են սահմանել նաև կանանց լավագույն եռյակ, ինչպես նաև հաշմանդամային սպորտով զբաղվող լավագույն մարզիկ անվանակարգը, որը, Կարեն Գիլոյանի փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարության կողմից ևս դիտարկվում է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը մարզական լրագրողներին խնդրել է ամփոփ առաջարկներն ու դիտարկումները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:
ԶԼՄ այն ներկայացուցիչները, որոնք լավագույնների մրցույթի անցկացման ձևաչափի, մրցութային անվանակարգերի վերաբերյալ ունեն որոշակի առաջարկություններ և դիտարկումներ, մինչև փետրվարի 15-ը կարող են դրանք ուղարկել info @escs.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով լրատվամիջոցը, լրագրողի անուն-ազգանունը և հեռախոսահամարը: