Խորհրդարանը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը
Խորհրդարանը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Գուրգեն Մալխասյանի կենսագրությունը, աշխատանքային գործունեությունը, անդրադարձավ թեկնածուի մասնագիտական որակներին:
Մալխասյանը ծնվել է Գյումրիում 1967 թվականին, մասնագիտական կրթությունը ստացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ունի 29 տարվա և 8 ամսվա մասնագիտական ստաժ, ունի դատավորի ստաժ:
Մալխասյանի գործունեությունը սկսվել է Շիրակի մարզի ներքին գործերի վարչությունում՝ որպես օպերլիազոր:
2010-2021 թթ. եղել է ԱԺ նախագահի տեղակալի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ:
2023-ից առ այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Իր խոսքում Մալխասյանը հակիրճ ներկայացրեց այն նպատակները, որոնք ձևավորվել են իր իրավաբանական պրակտիկայի ընթացքում, և որոնց հաղթահարման նպատակով առաջադրվել է որպես դատավորի թեկնածու:
Նա համոզմունք հայտնեց, որ կնպաստի այդ խնդիրների առավել լավ լուծմանը:
ԲԴԽ նախագահը ներկայացրեց նաև Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արման Օհանյանի կենսագրական տվյալները:
Օհանյանը ծնվել է Երևանում 1982 թվականին: Իրավաբանական կրթությունը ստացել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
Մասնագիտությամբ տնտեսագետ-իրավագետ է: Ունի մասնագիտական 10 տարի 2 ամսվա ստաժ, դատավորի ստաժը դրանում կազմում է շուրջ 7 տարի:
2006-2008 Դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչությունում աշխատել է որպես ավագ մասնագետ, 2014-ին եղել է Վերաքննիչ դատարանի դատավորի օգնական, 2019-2022 թթ. եղել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2022-ից տեղափոխվել է Երևան:
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: