Երևանի կենտրոնում ևս մեկ սպորտային համալիր է վաճառվել․ «Հետք»
Հաղթանակ կամրջի հարևանությամբ՝ «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասում խորհրդային տարիներին կառուցված համալիրը պատկանել է «Աշխատանք» մարզական ընկերությանը։ Այն Խորհրդային Հայաստանի 4 մարզական կառույցներից մեկն էր։ Հետագայում բոլոր մարզական կառույցները միավորվել են և դարձել «Սպարտակ» մարզական միություն, ապա անվանափոխվել և կոչվել է «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն։ Բոլոր սպորտային կառույցների մարզահամալիրները սեփականության իրավունքով փոխանցվել է «Հայաստան» մարզական ՀԿ-ին։
Ինչպես գրել է «Հետք»-ը, Երևանի Ցախի փողոց 18 հասցեում տեղակայված համալիրում մարզվում են ըմբիշներն ու բռնցքամարտիկները։ «Այստեղ ձևավորվել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի խմբեր։ Յուրաքանչյուրում 200 և ավելի աշակերտ՝ 8-10 մարզիչով»,- այս տեղեկությունը հրապարակել է «Հայաստան» մարզական ՀԿ-ն։
Ըմբշամարտի և բռնցքամարտի համալիրը կառուցվել է 1960 թ․-ին։ Այն զբաղեցնում է 3676 քմ հողամաս, որի հիմնական մասը համալիրի շենքն ու հարակից շինություններն են։ «Հայաստան» մարզական ՀԿ-ն համալիրը վաճառել է 2022 թ․-ի օգոստոսին։ Այն ձեռք է բերել «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն, որը նախորդ տարի էլ գնել էր Երևանի ամենահին մարզահամալիրը՝ «Սպարտակ»-ը։
Ինչպես այս դեպքում, այնպես էլ «Սպարտակ» համալիրի վաճառքի դեպքում դրա սեփականատեր «Հայաստան» մարզական ՀԿ-ն գույքը չի փորձել վաճառել մրցույթով։ Այն ուղիղ վաճառքով օտարել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ Բայց մինչ համալիրների ձեռքբերումը, «Հայաստան» մարզական կազմակերպության նախագահ Սոկրատ Պետրոսյանի ծանոթ գործարար Արսեն Հովհաննիսյանը մուտք է գործել ՀԿ-ի նախագահություն և հաստատվել նախագահության կազմում։ Այդ ամենից հետո «Հայաստան» մարզական ՀԿ-ին պատկանող «Սպարտակ» և «Աշխատանք» մարզահամալիրները արտոնյալ պայմաններով վաճառվում են Արսեն Հովհաննիսյանի որդու հիմնադրած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում