Եթե Ադրբեջանի հայտարարությունը այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին ինքը պետք է հրապարակային հայտարարի:

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ The Telegraph-ին տված հարցազրույցում:

«Այն հայտարարությունը, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին Ադրբեջանական հեռուստաըներությանը տված հարցազրուցում, ես նաև հրապարակային դա գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին, բայց այդ հարվածը ուղղակի առանձին վերցրված գործընթաց չէ, և դա սկսվել է առաջինը ԼՂ-ում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է նա:

Նա արձանագրեց, որ նաև վերջերս արձագանքել է Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններին:

«Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանը՝ ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք, այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունն ամրապնդելու համար է բանակ ստեղծում:

Մենք մեր քաղաքական դիրքորոշումներով արձանագրել ենք, որ մենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և նույնը ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի երկրներից: Սրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ»,-ասել է երկրի ղեկավարը:

Նա նշեց, որ ոչ թե անհամաձայնություն ունի հայտարարությունների հետ, այլ հղվում է փաստաթղթերին:

«Եթե Ադրբեջանի հայտարորությունը այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին ինքը պետք է հրապարակային հայտարարի»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ կան վերլուծություններ, որ Ադրբեջանը հետքայլ է անում իր ձեռք բերած պայմանավորվածություններից: Բայց քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ինքն ապօրինի է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն