Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի և Ճրագալույցի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի և Ճրագալույցի տոնը:
Տեառնընդառաջի ժամանակ խարույկի վրայով ցատկելը հեթանոսությո՞ւն է
Տեառնընդառաջ նշանակում է՝ Տիրոջն ընդառաջ, այսինքն՝ այն Աստծուն ընդառաջ գնալու հրավեր է: Ի տարբերություն կռապաշտության՝ քրիստոնեության մեջ կրակը նմանեցվում է Սուրբ Հոգու զորությանը: Այն ունի զտող, մաքրագործող հատկություն: Խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով՝ դառնալով Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Այն որևէ կապ չունի հեթանոսության հետ: Մարդիկ համախմբվում են Լույսի շուրջ:
Խարույկի վրայով ցատկելը ժողովրդական ավանդություն է, խաղ, իսկ գուշակություններին հավատալ պետք չէ: Ավանդույթն ազգային մշակույթի մաս է:
Ե՞րբ վառել կրակը
Տեառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։ Տոնը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու։ Քանի որ Քրիստոս ծնվել է հունվարի 6-ին, քառասուներորդ օրը փետրվարի 14-ն է։ Տոնական արարողությունները սկսվում են տոնի նախորդ երեկոյից: Խարույկները վառում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, երբ ըստ եկեղեցական կարգի, փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ:
Մարդիկ եկեղեցուց լույս են տանում՝ իրենց տան բակում խարույկներ վառելու։
Ի՞նչ կպատահի, եթե կրակի վրայով ցատկելիս վառվի հարսի զգեստի փեշը
Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի կամ որևէ մեկի զգեստի փեշը` ընդամենն անզգուշություն է: Խարույկի վրայով թռչելը միայն խաղ է, ավանդույթ: Եթե անգամ չեք ցատկել կրակի վրայով որևէ վատ բան չի պատահի: Պետք չէ հավատալ գուշակություններին: Կարևոր է հասկանալ տոնի հոգևոր խորհուրդը, մասնակցել Ս. Պատարագին ու գնալ Տիրոջն ընդառաջ:
Եթե ամուսնացած չենք, կարո՞ղ ենք տոնել Տեառնընդառաջը
Տեառնընդառաջը նորապսակների օրհնության օր է: Փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Տոնը, սակայն, նշում են բոլոր քրիստոնյաները՝ իրար շնորհավորելով, խարույկ վառելով, մասնակցելով Ս. Պատարագին, անկախ այն հանգամանքից՝ ընտանիքում ունեն նորապսակներ, թե ոչ։
Տեառնընդառաջը նորապսակների՞, թե՞ նշանվածների համար է հարցին պետք է նայել ոչ թե հոգևոր խորհրդի, այլ ժողովրդական ավանդույթի տեսանկյունից: Այս տեսանկյունից Տեառնընդառաջի տոնը վերաբերում է միայն նոր ամուսնացածներին և ոչ թե նշանվածներին:
Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը խնամիները պարտադիր փոխայցելություններ էին կատարում, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։
Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջը: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների և հատկապես աներոջը հանդիպել: Տեառնընդառաջի տոնով վերացել է այդ արգելքը, և երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը, ժողովրդական ավանդույթի համաձայն, վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին: