Փետրվարի 13-ին տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է. Փաշինյան
Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ: Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 15-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե, իբր, Հայաստան-Ադրբեջան սահմանին վերը հիշատակված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել, և վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
«Այս հայտարարությունից հետո ՀՀ ՌՈ-ն հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրահանգ կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել, և, հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ:
Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք:
Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ:
Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետարքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և դրա հիմնավորումները բազմաթիվ են: Օրինակ, դեռևս 2022-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը: ՀՀ-ն, պայմանավորվածության համաձայն, ստեղծեց ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ այդ պայմանավորվածության համաձայն՝ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն:
Իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը:
Այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- ասաց վարչապետը: